Նախկին ձիարշավարանի տարածքում սկսվել են Թբիլիսիի կենտրոնական զբոսայգու շինարարական աշխատանքները (ֆոտոշարք)
Նախկին ձիարշավարանի տարածքում սկսվել են Թբիլիսիի կենտրոնական զբոսայգու շինարարական աշխատանքները:
Զբոսայգին կտեղակայվի 36 հա տարածքում, իսկ միջոցները կտրամադրի «Քարթու» հիմնադրամը:
Ըստ ներկայացված նախագծի, տարածքում կգործի բազմաֆունկցիոնալ տարածք, որտեղ կլինի՝ բուսաբանական այգի, ճապոնական այգի, ֆրանսիական այգի, ամֆիթատրոն, շատրվան, սքեյթ այգի, սահմանային անտառային գոտի, փակ անտառային հատված, կրթական կենտրոն, Զիպլայն, մարզական գոտի և սննդի գոտի: Կլինի նաև կենդանիների զբոսանքի տարածք, համայնապատկերային հարթակ, պարանների այգի, հետիոտնային կամուրջ, լեռնային հեծանվային արահետներ, սթրիտբոլի տարածք, ալպինիստական տարածք, իսկ զբոսայգու շրջակայքում կգործի երեք կայանատեղի:
Նախկին ձիարշավարանի տարածքը «Քարթու» միջազգային բարեգործական հիմնադրամը նվիրել է Թբիլիսիի քաղաքապետարանին: Սեփականության իրավունքի փոխանցման մասին պայմանագիրը ստորագրվել է հոկտեմբերի 5-ին:
«Քարթու» հիմնադրամի խորհրդի նախագահ Նիկոլոզ Չխետիանիի խոսքով, Թբիլիսին շատ շուտով կունենա նոր կենտրոնական զբոսայգի:
«Նախագծի շնորհանդեսը մի քանի օր առաջ էր: Այսօր աշխատանքները սկսեցինք, ինչպես խոստացել էինք Թբիլիսեցիներին: Այսօրվանից «Քարթու» հիմնադրամը կկազմակերպի այգում իրականացվելիք աշխատանքները: Թբիլիսին շատ շուտով կունենա նոր կենտրոնական զբոսայգի: Ըստ ընթացիկ գնահատականների, այդ աշխատանքները կարժենան 15-20 միլիոն դոլար: Հնարավոր է, որ այդ գումարը վերանայվի և նույնիսկ ավելացվի աշխատանքների ընթացքում »,- հայտարարել է Չխետիանին: