ՆԱՏՕ-ն պլան է պատրաստում Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի դեպքում վիրավորներին մարտական գծից տարհանելու համար։ Ըստ կանխատեսումների՝ պատերազմը կծավալվի լայն մարտադաշտում, և ՆԱՏՕ-ն զգալի կորուստ կունենա,- «Daily Mail»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի նյութատեխնիկական ապահովման հրամանատարության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Զոլֆրանկը։
Գեներալը նշել է, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի լայն հնարավորությունների պատճառով ինքնաթիռներով վիրավորների տարհանումը կարող է շատ վտանգավոր լինել, ուստի ավելի լավ է օգտվել սանիտարական գնացքներից։
«Վատագույն դեպքում մեր խնդիրն է լինելու օպերատիվ և որակյալ օգնություն ցուցաբերել մեծ թվով տուժածներին»,- ասաց նա։
Զոլֆրանկը նաև ընդգծել է ՆԱՏՕ-ի բժշկական կանոնակարգերի միավորման կարևորությունը։ Ըստ նրա՝ լուծումն այս դեպքում կարող է լինել «ռազմաբժշկական Շենգենի» ստեղծումը, որը կապահովի դեղերի, այդ թվում՝ ծանր վնասվածքների համար անհրաժեշտ ցավազրկողների ազատ փոխադրումը։
Ինչպես նշում է «Daily Mail»-ը, բժշկական տարհանման պլանը Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի նախապատրաստման միայն մեկ տարր է։
Հրատարակությունը նշում է նաև, որ հունվարի 22-ից մայիսի 31-ը ՆԱՏՕ-ն անցկացրել է ամենախոշոր զորավարժությունը, որին մասնակցել է ավելի քան 90 հազար զինվորական։ Այս զորավարժությունները նաև ռուսական ագրեսիային նախապատրաստման մաս էին կազմում և ներգրավում էին այնպիսի երկրներ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Հունգարիան, Հունաստանը, Լեհաստանը, Ֆինլանդիան, Շվեդիան և այլն։
Հունվարին Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել էր, որ արևմտյան երկրները պետք է ակտիվորեն պատրաստվեն Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմին առաջիկա երեք-հինգ տարում և օգտագործեն այս ժամանակը «ինտենսիվ սպառազինության համար»։