ՆԱՏՕ-ն այսօր մեկնարկում է Բալթիկ ծովում ռազմածովային զորավարժությունները, որոնց մասնակցում են Շվեդիան և Ֆինլանդիան
Այսօր մեկնարկում են ՆԱՏՕ-ի ամենամյա Baltops-22 ռազմածովային զորավարժությունները Բալթիկ ծովում, որին մասնակցում են դաշինքի 14 անդամներ, այդ թվում՝ Շվեդիան և Ֆինլանդիան։
ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության համաձայն՝ զորավարժությունները կտևեն մինչև հունիսի 17-ը, որին կմասնակցեն ավելի քան 7000 նավաստիներ, օդաչուներ և ծովային հետևակներ։ Զորավարժություններին մասնակցում է 75 ինքնաթիռ և 45 նավ։
ՆԱՏՕ-ի զորավարժությունները Բալթիկ ծովում անցկացվում են 1972 թվականից։ Այս տարի զորավարժությունները նվիրված են Շվեդիայի թագավորական նավատորմի հիմնադրման 500-ամյակին։
Ինչպես նշել է շտաբի պետերի միացյալ շտաբի պետ, գեներալ Մարկ Միլը, ով մինչ զորավարժությունները գտնվում էր Ստոկհոլմում, Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին Ռուսաստանին բարդ ռազմական դրության մեջ կդնի Բալթիկ ծովում։
«Բալթիկ ծովը ռազմավարական առումով շատ կարևոր է։ Այն աշխարհի ամենամեծ ծովային ուղիներից մեկն է։ Ինձ ասացին, որ Բալթիկ ծովում օրական 1500-ից 2000 առևտրային նավ է նավարկում։ Մենք երկար տարիներ աշխատել ենք Շվեդիայի և Ֆինլանդիայի զինված ուժերի հետ, և նրանք հսկայական ներուժ կունենան, եթե ի վերջո անդամակցեն ՆԱՏՕ-ին։ Այսպիսով, դրանք լայնածավալ փոխգործունակության վարժություններ են: Դա նաև ցույց է տալիս հավատարմությունը ընդհանուր գործին, կանոնների վրա հիմնված միջազգային կարգին և այն գաղափարին, որ մեծ երկրները չեն կարող ներխուժել փոքր երկրներ առանց հետևանքների», – ասել է Մարկ Միլը: