ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ Վրաստանը հավատարիմ կմնա ժողովրդավարական չափանիշներին, որոնց վրա նա քրտնաջան աշխատել է վերջին տարիներին. Ենս Ստոլթենբերգ
ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ Վրաստանը հավատարիմ կմնա ժողովրդավարական չափանիշներին, որոնց վրա նա քրտնաջան աշխատել է վերջին տարիներին,- այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլթենբերգը ։
Ինչպես նշել է Ենս Ստոլթենբերգը, հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի ներքին բարեփոխումները և տարեկան ազգային ծրագրի իրականացումը։
«Կենսական է, որ մենք շարունակենք աշխատել արդարադատության համակարգի բարեփոխումների, լրատվամիջոցների ազատության և անվտանգության ոլորտում հաշվետվողականության ուղղությամբ: Մենք նաև կոչ ենք անում աշխատել ընդդիմության հետ՝ լուծելու քաղաքական տարաձայնությունները, նվազեցնելու բևեռացման հռետորաբանությունն ու գործողությունները։ ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ Վրաստանը կպահպանի այն ժողովրդավարական չափանիշները, որոնց վրա նա ջանասիրաբար աշխատել է վերջին տարիներին», – ասել է Ենս Ստոլթենբերգը։