ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ. Հոկտեմբերի 31-ին վրաց ժողովուրդը վերահաստատեց իր ջերմեռանդ հավատարմությունը ժողովրդավարության նկատմամբ
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ. Հոկտեմբերի 31-ին վրաց ժողովուրդը վերահաստատեց իր ջերմեռանդ հավատարմությունը ժողովրդավարության նկատմամբ

Շնորհավորում եմ վրաց ժողովրդին, որ չնայած համաճարակային ռիսկերին, նրանք վերահաստատեցին իրենց հավատարմությունը ժողովրդավարությանը, – այս մասին նշված է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ատիլա Մեստերհազի հայտարարության մեջ, որը նա արել է Վրաստանում հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների առաջին փուլից հետո զարգացած քաղաքական իրադարձությունների վերաբերյալ:

Նրա խոսքով, միջազգային դիտորդները, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, Վրաստանում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը գնահատել են մրցակցային: Նրանք նաև նշել են, որ հիմնարար ազատությունները, ընդհանուր առմամբ, պաշտպանված են եղել ինչպես քարոզարշավի ընթացքում, այնպես էլ՝ ընտրությունների օրը:

Խորհրդարանական վեհաժողովի նախագահը մտահոգություն է հայտնել նաև միջազգային դիտորդների կողմից արձանագրված թերությունների կապակցությամբ:

Նրա խոսքով, ինչպես ընտրարշավի ընթացքում, այնպես էլ ընտրությունների օրը նկատված թերությունները բացասաբար են ազդել ընտրական գործընթացի որոշակի հատվածների նկատմամբ հասարակության վստահության վրա:

Ատիլա Մեստերհազին իշխանությանը կոչ է անում խստորեն, թափանցիկ և արդար կերպով հետաքննել բոլոր միջադեպերը: Միևնույն ժամանակ, նա նշում է, որ ընտրությունների վարչության հետ կապված ցանկացած բողոք պետք է լուծվի՝ օգտագործելով համապատասխան մեխանիզմները:

«Ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի նոյեմբերի 21-ին, մեծամասնական ընտրատարածքներում, որտեղ թեկնածուներից ոչ մեկն առաջին փուլում չի ստացել ձայների մեծամասնությունը: Ես դիմում եմ իշխանությանը և բոլոր քաղաքական կուսակցություններին, ապահովեն, որ ընտրողների ահաբեկման փաստերը և այլ բացասական գործելակերպ, որոնք տեղի են ունեցել առաջին փուլի ընթացքում, այդ օրը չկրկնվեն: Ես նաև կոչ եմ անում նրանց կատարել առաջին փուլի հետ կապված միջազգային դիտորդների հանձնարարականները և երկրորդ փուլում բարձրացնել  թափանցիկության և առաջիկա ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության մակարդակը:

Դիմում եմ բոլոր շահագրգիռ քաղաքական կուսակցություններին, առաջիկա շաբաթների ընթացքում գործեն պատասխանատու և զուսպ: Ես նաև կոչ եմ անում հնարավորինս շուտ վերսկսել երկխոսությունը՝ նրանց միջև առկա տարաձայնությունները խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով լուծելու համար:

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը սատարում է Վրաստանի ժողովրդավարությանը և երկրի ձգտումները եվրաատլանտյան ինտեգրմանը: Ժողովրդավարությունը ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր սկզբունքն է: Հետևաբար, բարձրագույն ժողովրդավարական չափանիշների պահպանումը Վրաստանի համար պահանջ է այդ նպատակին հասնելու ճանապարհին», – ասվում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ատիլա Մեստերհազի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքէջում:

Հայտարարության համաձայն, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունն մասնակցել է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլին՝ միջազգային դիտորդական առաքելության շրջանակներում, ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի և ԵԱՀԿ/ՀՄԻԳ-ի հետ միասին: ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը գլխավորում էր փոխնախագահ Ասկին Բակը (Թուրքիա) և բաղկացած էր դաշնակից չորս երկրների տաս ներկայացուցիչներից: