ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար. Ոչ մի նախանշան չկա, որ Ռուսաստանը ծրագրում է ներխուժել ՆԱՏՕ-ի երկրներից մեկը
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար. Ոչ մի նախանշան չկա, որ Ռուսաստանը ծրագրում է ներխուժել ՆԱՏՕ-ի երկրներից մեկը

«Ոչ մի նախանշան չկա, որ Ռուսաստանը պատրաստվում է ներխուժել ՆԱՏՕ-ի երկրներից մեկը»,- Լատվիա կատարած այցի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ռոբ Բաուերը։

Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրաստիճան զինվորականի խոսքով՝ ՆԱՏՕ-ի վրա ռուսական հարձակման ուղղակի սպառնալիք չկա։

«Խնդիրն այն է, որ Ռուսաստանի հավակնությունները դուրս են գալիս Ուկրաինայի սահմաններից: Մենք դա գիտենք, ուստի դաշինքն ընդհանուր առմամբ պետք է ավելի պատրաստված լինի»,- ասել է Ռոբ Բաուերը։

Հարցին, թե ՆԱՏՕ-ն վտանգ է համարում, եթե Ռուսաստանի Դաշնությունը ուղղակիորեն չհարձակվի Բալթյան երկրներից մեկի վրա, այլ օգտագործի այսպես կոչված «Անջատողականներին» ՆԱՏՕ-ի ծովակալը նշել է, որ դաշինքի պայմանագրի 3-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր երկիր պետք է կարողանա պաշտպանել իրեն։

Բացի այդ, Ռոբ Բաուերը հայտարարել է, որ նույնիսկ մեկ այլ պետության կողմից կիբեր գործունեությունը բավարար պատճառ է դաշինքի 5-րդ հոդվածը գործարկելու համար, և որ 5-րդ հոդվածը կարող է կիրառվել ոչ միայն ուղղակի հարձակման դեպքում: ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածի համաձայն՝ դաշնակցներից մեկի վրա հարձակումը համարվում է հարձակում ամբողջ դաշինքի վրա։