ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարներն ընդունել են Անկարայի գագաթնաժողովի հռչակագիրը
ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները Անկարայի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում վերահաստատել են դաշինքի հավատարմությունը կոլեկտիվ պաշտպանության սկզբունքին և հայտարարել, որ կշարունակեն ուժեղացնել պաշտպանական կարողությունները, աջակցել Ուկրաինային և զարգացնել պաշտպանական արդյունաբերությունը։
Հռչակագրում ընդգծվում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը միասնական է մնում 5-րդ հոդվածի կատարման հարցում։
«Մեկի վրա հարձակումը նշանակում է հարձակում բոլորի վրա։ Մեր միասնությունը, համերաշխությունը և կոլեկտիվ ուժը խաղաղության, անվտանգության և բարօրության հիմքն են մեր դաշինքի մեկ միլիարդ քաղաքացիների համար»,- նշված է փաստաթղթում։
Ղեկավարները հայտարարում են, որ եվրատլանտյան անվտանգության համար Ռուսաստանից բխող երկարաժամկետ սպառնալիքին և ահաբեկչությանը ի պատասխան՝ դաշնակիցներն ավելացնում են պաշտպանական ծախսերը։ Նրանց տեղեկություններով՝ 2025 թվականին եվրոպացի դաշնակիցները և Կանադան հիմնական պաշտպանական կարիքների համար ներդրումներն ավելացրել են ավելի քան 139 միլիարդ դոլարով։
Բացի այդ, Անկարայի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի անդամները հայտարարել են ավելի քան 50 միլիարդ դոլար արժողությամբ նոր պաշտպանական գնումների մասին և հանձնառություն ստանձնել ընդլայնել պաշտպանական արտադրության կարողությունները։
«Մենք կշարունակենք աշխատել դաշնակիցների միջև պաշտպանական առևտրի արգելքների վերացման ուղղությամբ և արդյունաբերության հետ համագործակցությամբ արագացնել նորարարությունները»,- ասված է հռչակագրում։
Գագաթնաժողովի մասնակիցների գնահատմամբ՝ դաշինքը շարունակում է զարգացնել ժամանակակից ռազմական կարողությունները, այդ թվում՝ արհեստական բանականության, անօդաչու համակարգերի, օդային և հակահրթիռային պաշտպանության, տիեզերական և կիբերկարողությունների ուղղությամբ։
Հռչակագրում խոսվում է նաև Ուկրաինայի մասին։
«Ուկրաինան զգալի ներդրում ունի տրանսատլանտյան անվտանգության գործում, և դաշնակիցներս միասնական ենք Ուկրաինայի ազատության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը մեր անսասան աջակցության հարցում։ Եվրոպացի դաշնակիցները և Կանադան ներկայումս Ուկրաինային անվտանգության ոլորտում տրամադրվող օգնության մեծ մասը ֆինանսավորում են երկկողմ և բազմակողմ մեխանիզմներով։ Դաշնակիցներն ընդգծում են, որ այս աջակցությունը երկարաժամկետ հեռանկարում պետք է լինի արդար, կանխատեսելի և կայուն։ 2026 թվականի համար դաշնակիցները պարտավորվում են Ուկրաինային հատկացնել 70 միլիարդ եվրոյի ռազմական տեխնիկա, օգնություն և վերապատրաստում, ինչպես նաև հաստատում են իրենց ինքնիշխան որոշումը՝ 2027 թվականին ևս պահպանել առնվազն նույն ծավալի աջակցություն։ Այս նպատակով ողջունում ենք Եվրամիության որոշումը՝ Ukraine Support Loan-ի միջոցով Ուկրաինայի համար բազմամյա ֆինանսավորում ապահովելու վերաբերյալ»,- ասված է ՆԱՏՕ-ի հռչակագրում։
ՆԱՏՕ-ի ղեկավարները նաև հայտարարում են, որ դաշինքը կշարունակի հարմարվել ռազմավարական մրցակցությանը, հիբրիդային սպառնալիքներին և անվտանգության միջավայրում առկա մարտահրավերներին ի պատասխան։
Բացի այդ, հռչակագրում նշվում է, որ «Իրանը երբեք չպետք է ունենա միջուկային զենք», և Թեհրանին կոչ է արվում լիովին պահպանել նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցում։