Վրաստանի ազգային բանկի նախագահի պաշտոնակատար Նաթիա Թուրնավան հանդիպել է Կառավարման զարգացման միջազգային ինստիտուտի (IMD) ներկայացուցիչ Արտուրո Բրիին, որը հրապարակում է «Համաշխարհային մրցունակության ինդեքսը»։
Ազգային բանկի տեղեկատվության համաձայն, ներածական հանդիպմանը քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարները և այն հնարավորությունները, որոնք կառաջանան այս ցուցանիշում Վրաստանի ընդգրկումից։
Ինչպես նշվեց հանդիպմանը, Վրաստանի նկատմամբ ինստիտուտի հետաքրքրությունը պայմանավորված է միջազգային ասպարեզում երկրի ճիշտ դիրքավորմամբ և այլ հեղինակավոր վարկանիշներում առաջատար դիրքերով։ Նոր վարկանիշում Վրաստանը կգնահատվի ըստ ենթակառուցվածքային, ինստիտուցիոնալ և տնտեսական միջավայրի։
«Ողջունելի է, որ «IMD»-ի նման հեղինակավոր միջազգային կառույցը շահագրգռված է մեզ հետ համագործակցությամբ։ Ուրախ կլինենք, եթե Վրաստանը գնահատվի «Համաշխարհային մրցունակության ինդեքսով»»,- հանդիպումից հետո ասաց Ազգային բանկի նախագահի պաշտոնակատարը։
Հիշեցնենք, որ 75 տարի առաջ հիմնադրված Կառավարման զարգացման միջազգային ինստիտուտը (IMD) ամեն տարի տարբեր չափանիշներով հրապարակում է «Համաշխարհային մրցունակության ինդեքսը»։