Նաթիա Թուրնավա. Նատախտարիում 11 մլն լարի ներդրումով նոր ձեռնարկությունում 100 մարդ է աշխատում
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարն այսօր մասնակցել է նոր ձեռնարկության բացման արարողությանը։
Նատախտարի գյուղում գտնվող «Ֆուդ Ալյանս» ընկերությունը արտադրում է հացաբուլկեղենի մեծ տեսականի և լիովին համալրված է նոր եվրոպական բարձր տեխնոլոգիական սարքավորումներով։
Ձեռնարկությունը բացվել է «Արտադրիր Վրաստանում» գործակալության վարկի համաֆինանսավորմամբ և EBRD ծրագրի աջակցությամբ։
«Մենք շատ ուրախ ենք, որ համաճարակի ժամանակ պետության օգնությամբ բազմաթիվ նոր ձեռնարկություններ են բացվում։ Այս ձեռնարկությունը հագեցած է եվրոպական նորագույն տեխնոլոգիաներով, բոլոր սարքավորումները ներկրված են եվրոպական տարբեր երկրներից։ Սա 11 մլն լարի վրաց-ֆրանսիական ներդրում է, որում աշխատում է մոտ 100 տեղացի։ Շնորհավորում եմ ներդրողներին, Վրաստանին և մեր նախարարությանն այս հաջողության համար»,- ասաց էկոնոմիկայի նախարարը ձեռնարկություն այցելելուց հետո։
Ընկերությունը հիմնադրվել է արտադրական և բիզնեսի զարգացման ոլորտում երկար տարիների փորձ ունեցող վրացի և ֆրանսիացի գործընկերների կողմից: «Ֆուդ Ալյանսի» նոր ձեռնարկությունը հաճախորդներին առաջարկում է ֆրանսիական ավանդույթների վրա հիմնված եվրոպական ոճի հացաբուլկեղենի մեծ տեսականի: Այսօր ընկերությունն արտադրում է ավելի քան 100 անուն ապրանք և մատակարարում դրանք ինչպես խոշոր առևտրի ցանցերին, այնպես էլ հյուրանոցներին:
Տեղեկությունը տարածում է էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։