Նաթիա Մեզվրիշվիլի. Կառավարության կողմից խիստ հանձնարարական է, շնչադիմակ կրել նաև բաց տարածքներում, առանձնապես այնտեղ, որտեղ անհնար է հեռավորություն պահպանել
Բացօթյա տարածքներում, որտեղ շատ մարդիկ են հավաքվում, որտեղ անհնար է հեռավորություն պահպանել, օրինակ՝ հերթերում, կանգառներում և այլն, շնչադիմակ կրելը և հեռավորությունը պահելը խորհուրդ է տրվում կառավարության կողմից, – այս մասին հայտարարել է Վրաստանի կառավարության վարչության ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին՝ վարչապետի հետ միջգերատեսչական համակարգող խորհրդի անդամների աշխատանքային հանդիպումից հետո:
Նրա խոսքով, հանդիպմանը քննարկվել են երկրում առկա համաճարակաբանական իրավիճակը և աշխարհում ընթացող միտումները:
«Վրաստանում, ինչպես նաեւ աշխարհում վարակների դեպքերի աճ կա, և այդ աճը կշարունակվի: Շեշտը դրվեց շնչադիմակ կրելու և հեռավորություն պահելու համաշխարհային փորձին, ինչը անչափ կարևոր է վարակի դեպքերի աճը դանդաղեցնելու գործում: Երեկ մենք խիստ հանձնարարական տվեցինք շնչադիմակ կրել Վրաստանի երեք քաղաքներում ՝ Թբիլիսիում, Քութաիսիում և Բաթումիում, և շատ կարևոր է, որ մեր քաղաքացիները հետևեն այս հանձնարարականին: Այս առումով դրական միտումներ են նկատվում, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր քաղաքացիներին: Այնուամենայնիվ, կան չկատարման դեպքեր, հետևաբար, վարակի տարածումը դանդաղեցնելու համար մենք պետք է ամեն ինչ անենք ոչ միայն փակ, այլև բաց տարածքներում», – ասաց Նաթիա Մեզվրիշվիլին: