Նաբեղլավի գյուղում շարունակվում է «Ծղալի Մարգեբելի» ընկերության աշխատակիցների գործադուլը
Նաբեղլավի գյուղում շարունակվում է «Ծղալի Մարգեբելի» ընկերության աշխատակիցների գործադուլը

Չոխատաուրիի քաղաքապետարանի Նաբեղլավի գյուղում շարունակվում է «Ծղալի Մարգեբելի» ընկերության աշխատակիցների գործադուլը:

Երեկվա գործադուլ անողներին այսօր միացան նաև այլ աշխատակիցներ:

Ցուցարարների խոսքով, նրանք բողոքում են ցածր աշխատավարձերի, աշխատանքային ոչ ադեկվատ պայմանների դեմ և ղեկավարությունից պահանջում ժամային աշխատավարձերի բարձրացում:

Ըստ գործադուլավորների, կան դեպքեր, երբ նրանց աշխատանքային ժամանակը տևում է 24 ժամ, երբեմն էլ՝ 36 ժամ շարունակ: Ընկերությունը չունի համապատասխան վարձատրություն արտաժամյա, ցերեկային և գիշերային ժամերի համար:

«Մենք պահանջում ենք պատշաճ գնահատել մեր աշխատանքը և բարձրացնել վարձատրությունը: Մեզ վճարում էին ժամում երեք լարի, մեկ ամիս առաջ մեզ ավելացավ 50 թեթրի: Մենք ուզում ենք ժամային աշխատավարձը հասցնել առնվազն հինգ լարիի: Երբեմն մենք աշխատում ենք 36 ժամ, երբեմն քնում ենք պարկերի, երբեմն էլ՝ ստվարաթղթերի վրա: Պետք է բարելավել նաև աշխատանքային պայմանները: Բոլորս ունենք բանկային պարտքեր, իսկ աշխատավարձը շատ փոքր է: Քանի դեռ մեր պահանջները չեն բավարարվել, մենք այստեղ կլինենք և կշարունակենք հանրահավաքները», – ասացին աշխատակիցները:

Ընկերության ներկայացուցիչներն այսօր հայտարարություն չեն տարածել, սակայն երեկ հայտնել էին, որ կքննարկեն ցուցարարների պահանջները և համապատասխան որոշում կկայացնեն: