Նոյեմբերի 28-29-ին «Թբիլիսիի մետաքսյա ճանապարհի» համաժողովին մասնակցելու նպատակով Թբիլիսի է այցելելու 34 երկրի բարձրաստիճան պաշտոնյա
Նոյեմբերի 28-29-ին «Թբիլիսիի մետաքսյա ճանապարհի» համաժողովին մասնակցելու նպատակով Թբիլիսի է այցելելու 34 երկրի բարձրաստիճան պաշտոնյա, այդ թվում Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը, ՈՒկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը և Սլովենիայի փոխվարչապետ Կառլ Էրիավցևը: Համաժողովին մասնակցելու նպատակով Թբիլիսի է ժամանելու նաև մոտ 20 նախարար:
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար, Գենադի Արվելաձեի հայտարարությամբ, Վրաստանը դառնում է միջազգային բանակցությունների պլատֆորմ, որտեղ հնարավորություն է տրվում քննարկել այն կապերը, որի համաձայն երկրները զարգացնելու են առևտրի ծավալների մեծացումը, ներդրումները և ինֆրակառուցվածքները:
Նրա խոսքերով Վրաստանի կառավարության կողմից հայտարարված լայնածավալ ինֆրակառուցվածքային նախագծերում ներդրվելու է 4 մլրդ. դոլար: Էկոնոմիկայի նախարարությունը արդեն հայտարարել է մրցույթ երկու խոշոր լոջիստիկ կենտրոնի ստեղծման կապակցությամբ, որը մեծ նշանակություն կունենա երկրի տրանզիտային ներուժի բարձրացման և մետաքսյա ճանապարհի նախագծում Վրաստանի դերի մեծացման գործում: Փոխնախարարի խոսքերով համաժողովին առանձին քննարկվելու է Անակլիայի նավահանգստի նախագիծը, որը մեծ դեր է խաղալու Եվրոպա-Ասիա կապող ճանապարհին:
«Թբիլիսիի մետաքսյա ճանապարհ» համաժողովը բացելու է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Միջոցառման շրջանակներում խոսքով ելույթ կունենան տարբեր երկրների բարձրաստիճան անձինք:
Համաժողովը բացվելու է նոյեմբերի 28-ին Թբիլիսիի օպերային թատրոնում և փակվելու է նոյեմբերի 29-ին «Բիլթմոր» հյուրանոցում:
Հիշեցնենք, «Թբիլիսիի մետաքսյա ճանապարհ» վեհաժողովը սկիզբ է առել 2015 թվականին:
Հեղինակ -
Edgar Barsegyan