Նյու Յորքում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը
Նյու Յորքում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը

Նյու Յորքի կենտրոնում նախօրեին երեկոյան կայացել է ԱՄՆ-ի այդ խոշորագույն քաղաքի՝ Ծննդյան տոների գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողությունը: Միջոցառումն ավանդաբար տեղի է ունեցել Մանհեթենի Ռոքվելլեր-փլազայում:

Ավելի քան 50 հազար լամպերից բաղկացած լուսաշղթայի միացման արարողությանը նախորդել է տոնական համերգը, որի ընթացքում ելույթ են ունեցել ամերիկացի աստղերից շատերը, ներառյալ երգչուհի Գվեն Ստեֆանին, Pentatonix կոլեկտիվը, քանթրի կատարող Ջենիֆեր Նեթլզը:

Ամենամյա միջոցառման ավարտին, որը տեղի Է ունեցել արդեն 85-րդ անգամ, Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն իջեցրել է խորհրդանշական անջատոցը, ինչից հետո տոնածառի վրա վառվել են լույսերը:

Ծառը պսակազարդում Է 2,9 մետր տրամագծով և 250 կիլոգրամ քաշով բյուրեղապակե աստղը, որը բաղկացած է Ավստրիայի Swarovski ֆիրմայի արտադրության 25 հազար բյուրեղներից: Եղևնու բարձրությունը հասնում է 23 մետրի, իսկ դրա քաշը շուրջ 13 տոննա է: Այն լույսերով կշողշողա մինչև հաջորդ տարվա հունվարի 7-ը, ինչից հետո տոնածառն ավանդույթի համաձայն կսղոցեն և կօգտագործեն չքավոր ընտանիքների համար տների կառուցման նպատակով: