Մյունխենի Ազգային-սոցիալիստական պատմության թանգարանի և Իսրայելի հյուպատոսության մոտ կրակոցներ արձակելուց հետո ոստիկանները սպանել են զինված տղամարդու
Ոստիկանությունը Մյունխենի կենտրոնում զինված տղամարդու է սպանել:
BBC-ի փոխանցմամբ՝ առավոտյան Նացիոնալ-սոցիալիզմի պատմության կենտրոնի մոտ կրակոցների ձայն է լսվել։
Իրավապահները վիրավորել են կրակ բացած կասկածյալին, իսկ ավելի ուշ ոստիկանություն հայտնել, որ տղամարդը մահացել է։
Ինչպես պարզաբանում են իրավապահ մարմիններից, միջադեպն այժմ ավարտվել է, քաղաքացիներին վտանգ չի սպառնում։
Կենտրոնը, որտեղ պահվում են նացիստական բռնապետության պատմական փաստաթղթերը, գտնվում է Մյունխենի Մաքսֆորշտադ թաղամասում՝ Իսրայելի գլխավոր հյուպատոսության հարեւանությամբ։
Հարավային Գերմանիայում Իսրայելի գլխավոր հյուպատոս Թալիա Լադորը միջադեպի առնչությամբ հայտարարություն է արել և նշել, որ երախտապարտ է Մյունխենի ոստիկանությանը։ Նրա խոսքով՝ այսօրվա միջադեպը ցույց է տալիս հակասեմիտիզմի աճի վտանգը։
Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարել էր, որ դեպքի առնչությամբ լայնածավալ գործողություն է ընթանում։ Քաղաքի կենտրոնում տարածքը արգելափակվել է. Մարդկանց խնդրել են խուսափել գործողության տարածքից, իսկ բնակելի կամ գրասենյակային շենքերում գտնվողներին հորդորել են մնալ տանը։ Գործողությանը ներգրավվել է նաեւ ոստիկանական ուղղաթիռ։
Գերմանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կասկածյալը մոտեցել է պատմական փաստաթղթերի կենտրոնին՝ ատրճանակն ուսին գցած։
Տեղի լրագրողներն ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ դեպքը տեղի է ունեցել 1972 թվականի Օլիմպիական խաղերի սպանությունների տարելիցի օրը, երբ պաղեստինցի ահաբեկիչները Մյունխենում սպանել են 11 իսրայելցի մարզիկների։
Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերը հայտարարել է, որ Մյունխենում տեղի է ունեցել «լուրջ միջադեպ», և որ իսրայելական օբյեկտների պաշտպանությունը ամենաբարձր առաջնահերթությունն է:
Բավարիայի ներքին գործերի նախարար Յոահիմ Հերմանը ասել է, որ միջադեպը կապված է նացիստական պատմության թանգարանի, Իսրայելի հյուպատոսության, ինչպես նաև մոտակայքում գտնվող Ամերիկահաուսի հետ, որտեղ ցուցադրություններ և ծրագրեր են անցկացվում ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ: