Մյանմայում ավերիչ երկրաշարժի պատճառով ռազմական ղեկավարությունը մեկշաբաթյա սուգ է հայտարարել
Մյանմայում ավերիչ երկրաշարժի հետևանքով ռազմական ղեկավարությունը հայտարարել է մեկշաբաթյա սուգ։
Այսօր, տեղական ժամանակով 12:51-ին՝ հենց այն պահին, երբ օգոստոսի 28-ին գրանցվել էր 7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը, երկրում հայտարարվել է մեկ րոպե լռություն։
Մյանմայում մինչ այժմ շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 2 056 մարդ, վիրավորվել է ավելի քան 3 900-ը, իսկ 270-ից ավելի քաղաքացի համարվում է անհետ կորած։
Մանդալայ քաղաքում, որը գտնվում է էպիկենտրոնի մոտակայքում, հազարավոր մարդիկ մնացել են անօթևան կամ չեն կարողանում վերադառնալ իրենց տները կրկնակի ցնցումների վախի պատճառով։ Քաղաքի գլխավոր հիվանդանոցից տարհանվել են հիվանդները։ ՄԱԿ-ում հայտարարում են, որ վնասված ճանապարհների և կարևոր ենթակառուցվածքների պատճառով փրկարարական գործողություններն իրականացվում են դժվարությամբ։
Նշենք նաև, որ երկրաշարժի հետևանքով զոհվել է 19 մարդ Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում։ Փրկարարական գործողությունները շարունակվում են աղետից փլուզված կառուցվող երկնաքերի վայրում։ Տեղական իշխանությունների կարծիքով՝ ավելի քան 70 մարդ դեռ գտնվում է փլատակների տակ։