Մրցակցության գործակալությունը սկսել է բանկերում ապահովագրական ապրանքների առաջարկի/վաճառքի մոնիտորինգը
Վրաստանի մրցակցության ազգային գործակալությունը շուկայի ներկա իրավիճակն ու մրցակցային միջավայրն ուսումնասիրելու նպատակով սկսել է վարկային հարաբերությունների ընթացքում բանկային հաստատությունների կողմից ապահովագրական ապրանքների առաջարկի/վաճառքի շուկայի մոնիտորինգը։
Ազգային մրցակցության գործակալության տեղեկատվության համաձայն՝ նշված մշտադիտարկումը սկսվել է «Ապահովագրական միության» ղեկավարության և Վրաստանի Ազգային բանկի 2022 թվականի ֆինանսական կայունության հաշվետվության մեջ ներկայացված տեղեկատվության հիման վրա։
«Փաստաթղթում նշվում է, որ ֆինանսական կազմակերպությունների (բանկերի) կողմից ապահովագրական շուկայում մրցակցության հնարավոր սահմանափակումը մնում է մարտահրավեր։
Ըստ Ազգային մրցակցության գործակալության, շուկայի մոնիտորինգի գործընթացը կիրականացվի Վրաստանի Ազգային բանկի և Ապահովագրության վերահսկողության ծառայության հետ ակտիվ համակարգման ձևաչափով։
Ներկայումս վրացական շուկայում գործում են 15 լիցենզավորված առևտրային բանկեր և 18 լիցենզավորված ապահովագրական ընկերություններ։
Տեղեկատվության համար՝ 2022 թվականին մրցակցության ազգային գործակալությունն ավարտել է դեղագործական շուկայի և շարժիչային վառելիքի (բենզին, դիզել) մոնիտորինգը։ Դեղագործական շուկայի ուսումնասիրության շրջանակներում տրվել է 13 հանձնարարական։ Ավտոմոբիլային շուկայում իրավիճակը պարզաբանելու նպատակով սկսվել է հետազոտության գործընթացը։
Այս փուլում ընթացքի մեջ է ապակու թափոնների և գազի շարժիչային վառելիքի (CNG/LPG) շուկաների մշտադիտարկումը»,- հայտնել են մրցակցային գործակալությունից։