Մոսկվայի մարզում ավիավթար է տեղի ունեցել: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սուխոյ Սուպերջետ մարդատար ինքնաթիռը կործանվել է Ապրաքսինո գյուղի մոտ։ Սակայն, ըստ ռուսական գործակալությունների, ինքնաթիռում եղել է անձնակազմի երեք անդամ, բոլորը մահացել են։
Ինչպես գրում է ռուսական պետական լրատվամիջոցը, ավիավթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինքնաթիռը պլանային վերանորոգումից հետո Լուխովիցի օդանավակայանից տեղափոխում էին Վնուկովո։
Հաղորդվում է, որ կործանումից մի քանի րոպե առաջ անձնակազմը օգնություն է կանչել և սկսել արտակարգ վայրէջքի պատրաստվել։ Դրանից հետո օդանավը մի քանի շրջան է կատարել օդում, որից հետո կործանվել է։ Վթարի ենթարկված ինքնաթիռը թողարկվել է 2014 թվականին և պատկանել է «Գազպրոմ Ավիա» ընկերությանը։
Վթարի վայր արդեն մեկնել են տեղական իշխանության ներկայացուցիչները։ Հետաքննություն է սկսվել։