Մոսկվան պահանջում է, որ Հունաստանում կալանավորված Վլադ Պլախատնյուկը արտահանձնվի Ռուսաստանին, մինչդեռ Մոլդովան պնդում է, որ իրենք ավելի վաղ են դիմել Պլախատնյուկի արտահանձնման համար
Մոսկվան պահանջում է, որ Հունաստանում կալանավորված Վլադ Պլախատնյուկը արտահանձնվի Ռուսաստանին, մինչդեռ Մոլդովան պնդում է, որ իրենք ավելի վաղ են դիմել Պլախատնյուկի արտահանձնման համար

Մոսկվան պահանջում է, որ Հունաստանում ձերբակալված մոլդովացի օլիգարխը արտահանձնվի Ռուսաստան։ Այս մասին «Եվրոնյուզ Ռումինիայի» հետ զրույցում հայտնել է Մոլդովայի ոստիկանության պետ Վիորել Չեռնեուտյանուն։

Նրա խոսքով՝ Մոլդովայի Դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդը վերջերս գտնվել է Ռուսաստանում, սակայն այնտեղ նա չի ձերբակալվել։

«Մեր կարծիքով, Մոսկվան այս կերպ փորձում է նրան Ռուսաստանում ապահովել անվտանգություն», – նշել է Մոլդովայի ոստիկանության ղեկավարը։

Չեռնեուտյանուի խոսքով՝ Ինտերպոլի կանոններով հետախուզվողը պետք է արտահանձնվի այն երկրին, որն առաջինը պահանջել է նրա ձերբակալությունը։ Մոլդովան Վլադ Պլախոտնյուկի նկատմամբ հետախուզում էր հայտարարել այս տարվա մարտին։

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Հունաստանում ձերբակալվել են մոլդովացի օլիգարխ Վլադ Պլախոտնյուկը և նախկին պատգամավոր Կոնստանտին Ցացուն։

Մոլդովայի արդարադատության նախարարությունն արդեն սկսել է նրա արտահանձնման գործընթացը։

Նշենք նաև, որ մոլդովական մեդիայի տվյալներով՝ ձերբակալման պահին օլիգարխ Պլախոտնյուկի մոտ եղել են կեղծ փաստաթղթեր։ Մասնավորապես՝ տարբեր երկրներում (Իրաք, Ռուսաստան, Մոլդովա, Ուկրաինա, Ռումինիա, Բուլղարիա, Վանուատու) տրված 10 արտասահմանյան անձնագրեր, ինչպես նաև կեղծ ինքնության վկայագրեր և վարորդական իրավունքներ։