Moody’s վարկանիշային գործակալությունը բարելավել է Վրաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը՝ «բացասականից» հասցնելով «կայունի», իսկ վարկանիշը պահպանել է Ba2 մակարդակում

21:13, 30.06.2026

Moody’s վարկանիշային գործակալությունը գնահատել է Վրաստանի սուվերեն վարկանիշը և բարելավել հեռանկարը «բացասականից» «կայունի», իսկ վարկանիշը վերահաստատել է Ba2 մակարդակում։ Նշված վարկանիշը պայմանավորված է միջազգային մարտահրավերների պայմաններում երկրի ունեցած ուժեղ տնտեսական և հարկաբյուջետային դիրքով։

Moody’s-ի զեկույցում նշվում է, որ կայուն տնտեսական ցուցանիշները մեղմել են աշխարհաքաղաքական մարտահրավերներից բխող ռիսկերը։ Բացի այդ, դրական է գնահատվում միջազգային գործընկերների հետ համագործակցության շարունակումը, ինչը նպաստում է հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության արդյունավետությանը և տնտեսությունն ավելի դիմակայուն է դարձնում ցնցումների նկատմամբ։

Վարկանիշային գործակալության սպասումներով՝ 2026 թվականին Վրաստանի տնտեսությունը կաճի 6.4%-ով, իսկ 2027 թվականին աճը սպասվում է 5.5% մակարդակում։ Ակնկալվում է, որ կառավարության պարտքը կշարունակի նվազել և կմոտենա ՀՆԱ-ի 30% ցուցանիշին։

Moody’s-ը նշում է, որ տնտեսական աճին նպաստող գործոնները կլինեն սպառումը և ներդրումները, ինչը, պարտքի ողջամիտ կառավարման հետ մեկտեղ, կնպաստի հարկաբյուջետային առողջացմանը։ Որպես աճի խթան նշվում է նաև զբոսաշրջությունը, որը զգալիորեն աճում է և բնութագրվում է այցելուների դիվերսիֆիկացմամբ։

Moody’s-ն ընդգծում է Վրաստանի՝ որպես կարևոր տրանսպորտային-լոգիստիկ հանգույցի ռազմավարական դիրքը «Միջին միջանցքում», ինչը նպաստում է առևտրի դիվերսիֆիկացմանը և ներդրումների ներգրավմանը։ Միևնույն ժամանակ, վարկանիշային ընկերությունը դրական է գնահատում հարկաբյուջետային և դրամավարկային ուղղություններով իրականացված բարեփոխումներն ու միջոցառումները։

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։

Նմանատիպ