Մոլդովայում հայտարարում են, որ կմիանան Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին, ինչին ի պատասխան Ռուսաստանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների մատակարարումը
Մոլդովայում հայտարարում են, որ կմիանան Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին, ինչին ի պատասխան Ռուսաստանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների մատակարարումը

Մոլդովայի խորհրդարանի նախագահն ասել է, որ երկիրը հավատարիմ կմնա Ռուսաստանի դեմ Եվրամիության սահմանած պատժամիջոցներին։ Ի պատասխան՝ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը սպառնացել է Մոլդովային:

Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն հայտարարել է, որ Մոլդովան մտադիր է ապագայում միանալ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին։ Տեղեկությունը տարածում են մոլդովական լրատվամիջոցները։

«Մենք համերաշխություն ենք ցուցաբերելու Եվրամիությանը։ Մեր ձգտումը դեպի Եվրոպա պարտավորեցնում է մեզ ապագայում լինել համերաշխ։ Այդ պատժամիջոցների նպատակը պատերազմը դադարեցնելն է, որպեսզի դիվանագետները նստեն բանակցությունների սեղանի շուրջ և ելք գտնեն»,- ասել է Գրոսուն։

Մոսկվայում արվել է պատասխան հայտարարություն. Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը սպառնացել է դադարեցնել Մոլդովայի էներգամատակարարումը։

«Մոլդովան պատրաստ է միանալ եվրոպական պատժամիջոցներին՝ շահելու նոր պարոնների սրտերը, մինչդեռ դեռ ԵՄ-ում չէ։ Ինչ արած: Թող փորձեն։ Նրանք պետք է 100 տոկոսով վստահ լինեն, որ մեզանից չեն ստանա ոչ «թանկ», ոչ էլ՝ այլ ռեսուրսներ։ Նրանք ընդհանրապես ոչինչ չեն ստանա։ Թող վայելեն պատժամիջոցները՝ առանց Եվրամիությանն անդամակցելու»,- գրել է Մեդվեդևը «Telegram»-ի էջում։

Նրա խոսքով, Մոլդովայի իշանությունը մտադիր է երկիրը միացնել Ռումինիային, եւ նման դեպքում ռուս պաշտոնյան զգուշացնում է Քիշնեւին, որ հաշվի առնի, որ Մերձդնեստրում բնակվում է ՌԴ 200 հազար քաղաքացի։

Կիևը արձագանքել է Մոլդովային ուղղված Մոսկվայի սպառնալիքին: Ինչպես ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, Ռուսաստանին այլ բան չի մնում, քան սպառնալ այլ պետություններին, ինչը վկայում է Մոսկվայի թուլության մասին։

«Մենք աջակցում ենք Մոլդովայի բարեկամ ժողովրդին և կառավարությանը»,- գրել է Կուլեբան «Twitter»-ում։