Մոլդովայի խորհրդարանը չի աջակցել երկրի եվրաինտեգրման կուրսի սահմանադրությունում գրանցման մասին նախաձեռնությանը

Մոլդովայի խորհրդարանը չի աջակցել երկրի եվրաինտեգրման կուրսի սահմանադրությունում գրանցման մասին ժողովրդավարական կուսակցության նախաձեռնությանը: Նշված լրատվությունը տարածում է մոլդովական մամուլը:

Առաջին և երկրորդ ընթերցմամբ սահմանադրական փոփոխությունների նախագիծը ստացել է 54 պատգամավորի աջակցություն: Իսկ սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու համար անհրաժեշտ էր Մոլդովայի խորհրդարանի նվազագույնը 67 պատգամավորի աջակցություն:

«Այս երկիրը հնարավորություն ուներ, սակայն ինչպես տեսնում ենք դա ապագա սերնդի գործն է»,-հայտարարել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Անդրիան Կանդուն:

Քվեարկության ժամանակ լիբերալ և լիբերալ-ժողովրդավարական կուսակցության անդամները ի նշան բողոքի լքել են նիստերի դահլիճը:

«Ինչպես տեսանք լիբերալները հրաժարվել են եվրոպական ինտեգրումից: Ընտրողները, որոնք նրանց ձայն են տվել պետք է հիշեն այս օրը»,-նշել է Կանդուն:

Քվեարկությանը չեն մասնակցել նաև սոցիալիստական և կոմունիստական կուսակցությունները: