Մոջթաբա Խամենեին խոստանում է վրեժխնդիր լինել Այաթոլլահ Ալի Խամենեիի սպանության համար. «Սա ազգի պահանջն է և անպայման տեղի կունենա»
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին խոստանում է վրեժխնդիր լինել իր հոր՝ Այաթոլլահ Ալի Խամենեիի սպանության համար։ Նրա խոսքով՝ վրեժխնդրությունը «ազգի պահանջն է» և անպայման տեղի կունենա։
Մոջթաբա Խամենեին նաև հայտարարում է, որ իրանցիները կպաշտպանեն Այաթոլլահ Ալի Խամենեիի ուսմունքը և չեն վախենա դժվարություններից։
«Խոստանում եմ՝ մենք վրեժխնդիր կլինենք նահատակ առաջնորդի և այս երկու պատերազմների բոլոր նահատակների արյան համար՝ հանցագործ և խայտառակված մարդասպաններից։ Այստեղ կլինենք, թե ոչ, դա կիրականացվի, և շուտով ամբողջ աշխարհում ազատության ձգտողների միջից յուրաքանչյուր մարդ կկատարի այս աստվածային առաքելության իր մասը։ Երբ արցունքոտ աչքերով ու կոտրված սրտով հրաժեշտ ենք տալիս քո աճյունին, խոստանում ենք, որ կպաշտպանենք քո ուսմունքները և հաստատակամորեն կհետևենք քո ցույց տված ճանապարհին։ Այս ճանապարհին մենք չենք վախենա դժվարություններից և, քեզ պես, կառչած կմնանք աստվածային խոստումներին ու օրհնությանը», – ասված է Մոջթաբա Խամենեիի նամակում։
Հիշեցնենք, որ Այաթոլլահ Ալի Խամենեիի մահվան մասին հայտնի դարձավ փետրվարի 28-ին։ Խամենեին զոհվեց Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարձակման հենց առաջին օրը, երբ հարված հասցվեց Թեհրանում գտնվող նրա նստավայրին։ Ինչ վերաբերում է Իրանի նոր հոգևոր առաջնորդին, ապա Մոջթաբա Խամենեին իր հոր մահից հետո հրապարակայնորեն չի հայտնվել։ Իրանի արտաքին գործերի նախարարի հայտարարության համաձայն՝ Մոջթաբա Խամենեին վիրավորվել էր իսրայելական հարվածների ժամանակ, սակայն արդեն ապաքինվել է։