Միխեիլ Սաակաշվիլի. Վերջին տարիներին ստեղծված խմբերը ոչ այնքան կուսակցություններ են, որքան քաղաքական նախագծեր՝ իրենց սեփական ներդրողներով և խոսող ղեկավարներով, ովքեր դեմ են միավորմանը
Միխեիլ Սաակաշվիլի. Վերջին տարիներին ստեղծված խմբերը ոչ այնքան կուսակցություններ են, որքան քաղաքական նախագծեր՝ իրենց սեփական ներդրողներով և խոսող ղեկավարներով, ովքեր դեմ են միավորմանը

«Իմ կոչին՝ կուսակցությունների միավորման վերաբերյալ, մի քանի քաղաքական խումբ արձագանքեց, որ պատրաստ են այս փուլում միավորվել միայն ընդհանուր ռազմավարության շուրջ», – այս մասին գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին սոցիալական ցանցում։

Նրա խոսքերով՝ երբ ձևավորվի միասնական կուսակցություն, ներդրողները ստիպված կլինեն ֆինանսավորել այդ միակ ուժը, և ոչ թե մտածել նոր նախագծերի մասին։

«Սկսեցին ինձ բանտով, հետո շարունակեցին բազմաթիվ այլ մարդկանց քաղաքական բանտարկությամբ։ Հետո հարձակվեցին կուսակցությունների վրա, հայտարարեցին արգելքների մասին։ Ձերբազատվեցին արտագաղթածներից, որոնք կազմում են Վրաստանի բարեկեցության կեսը, և արգելեցին նրանց մասնակցել ընտրություններին։ Այժմ տեղական բիզնեսին, որը կազմում է ազգային հարստության մյուս կեսը, արգելել են արտահայտել կարծիք։ Այսպիսի մասշտաբային ճնշումներ կիրառող ռեժիմն իրականում շատ թույլ է, և հիմա մենք պետք է նախաձեռնող լինենք։

Իսկ ինչ է տեղի ունենում մեր կողմում – իմ կոչին՝ կուսակցությունների միավորման շուրջ, մի քանի քաղաքական խումբ արձագանքեց, որ պատրաստ են այս պահին միավորվել միայն ընդհանուր ռազմավարության շուրջ։

Սա վրացական քաղաքականության հիմնական խնդիրներից մեկն է – վերջին տարիներին ստեղծված խմբերը այնքան էլ կուսակցություններ չեն՝ իրենց գաղափարախոսությամբ և ժողովրդական աջակցությամբ (grassroot), որքան քաղաքական նախագծեր են՝ իրենց ներդրողներով և խոսող դեմքերով։ Ներդրողները այդ խմբերին ընկալում են որպես իրենց անձնական սեփականություն և հաճախ դիտարկում են որպես իրենց պաշտպանության միջոց կամ, տեսականորեն, որպես առևտրի օբյեկտ։

Հետևաբար, նրանք ընդդիմանում են միավորմանը։ Միևնույն ժամանակ, այդ քաղաքական նախագծերում շատ լավ, արդյունավետ մարդիկ կան։

Հասկանում եմ, որ նրանց մի մասին պահում են աշխատավարձով, բայց նրանք պետք է նախաձեռնություն ցուցաբերեն և քայլ անեն միավորման ուղղությամբ։ Երբ ստեղծվի միասնական կուսակցություն, ներդրողները ստիպված կլինեն ֆինանսավորել հենց այն և չմտածել նոր, մասնատված նախագծերի մասին», – գրել է Սահակաշվիլին։