Միխեիլ Սաակաշվիլի. Բողոքի հոսքը վերածել մեկ հզոր, լայն բողոքի գետի և մոռանանք այն ամենը, ինչը մեզ խանգարում է արժանապատիվ կյանքով ապրել
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջում հրապարակված ուղերձում ասվում է, որ Վրաստանը 1990-ականներից ի վեր չի ունեցել այնպիսի ուժեղ ընդդիմադիր լիցք, որքան հիմա:
Միխեիլ Սաակաշվիլին արձագանքում է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին:
«Ահա թե ինչ է լինում, երբ քեզ հռչակում ես ռուսական ազդեցության գոտու մաս և հեռանում Արևմուտքից։ Այսօր սկսվեց ОДКБ-ի հովանու ներքո ռուսական զորքերի լայնածավալ ներխուժումը Ղազախստան, որտեղ ամբողջ ժողովուրդն ապստամբեց սոցիալական անարդարության, կոռուպցիայի և ընտրակեղծիքների դեմ։ Սա նշանակում է, որ Ղազախստանի ղեկավարությունը սպանելու է սեփական ժողովրդին՝ Ռուսաստանից, Հայաստանից և մյուս հարևաններից ժամանած զինվորներով։
Մենք ուզու՞մ ենք նման սցենար մեր երկրի համար։ Իհարկե ոչ, իսկ եթե ոչ՝ մենք պետք է սովորենք մի կողմ թողնել բոլոր դժգոհությունները և անձնական նկրտումները և հասնել նպատակին միասնական, զանգվածային և շարունակական գործողությունների միջոցով՝ օգտագործելով բոլոր օրինական լծակները։ Հակառակ դեպքում մեր ժողովուրդը, որի 80%-ն արդեն ապրում է աղքատության մեջ, կա՛մ սովից կմահանա, կա՛մ պետք է հեռանա մեր երկրից։ Անհնար է կոմունալ այս սակագներով, դեղերի ու սննդամթերքի այս գներով, այն պայմաններում, երբ աշխատուժը գին չունի, ուղղակի բարեխիղճ աշխատանքով, ընտանիքը կերակրել։ Իսկ այն իրավիճակում, երբ վերջին երկու ընտրություններում պարտված խումբը մնում է ոչ լեգիտիմ կաբինետներում և բացահայտ հայտարարություններ անում Արևմուտքի դեմ, ոչ ոք չի մնա մեր պաշտպանը:
1990-ականներից ի վեր Վրաստանն այնպիսի ուժեղ ընդդիմադիր լիցք չի ունեցել, որքան հիմա։ Այս անգամ քաղաքական գործիչների, ակտիվիստների, պարզապես ակտիվ քաղաքացիների պարտքն է այս բազմաթիվ բողոքի հոսքը վերածել բողոքի հզոր, ընդարձակ գետի»,- գրել է Միխեիլ Սաակաշվիլին։