Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆայգ Գուլիևի հետ ծանոթության հանդիպում է անցկացրել։
Վրաստանի նախագահի վարչակազմի տեղեկատվության համաձայն, կողմերը դրական են գնահատել երկրների միջև առկա սերտ բարեկամական հարաբերությունները և քննարկել են Վրաստան-Ադրբեջան ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները։
«Հանդիպման ընթացքում ընդգծվել է տարածաշրջանի կայուն և խաղաղ զարգացման կարևորությունը։ Միխեիլ Ղավելաշվիլին նշել է, որ աշխարհում ընթացող հակամարտությունների, սակագնային պատերազմների և աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանումը դառնում է առավել նշանակալի։ Կողմերը հայտնել են պատրաստակամություն՝ ավելի դինամիկ դարձնելու Վրաստանի և Ադրբեջանի միջև առկա օրինակելի ռազմավարական համագործակցությունը։ Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել ադրբեջանական կողմին՝ Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անդրդվելի աջակցության համար։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև ապրիլի 15-16-ը Ադրբեջանի Հանրապետությունում նախատեսված Վրաստանի նախագահի առաջին պաշտոնական այցի մանրամասներին», – նշված է նախագահի վարչակազմի հաղորդագրության մեջ։