Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին աշխատանքային այցով գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։
Վրաստանի կրթության նախարարության տեղեկատվության համաձայն, այցի շրջանակներում նախարարը հանդիպում է ունեցել Ադրբեջանի կրթության նախարար Էմին Ամրուլաևի հետ, որի ընթացքում կողմերը խոսել են երկրների միջև կրթության և գիտության ոլորտում երկկողմ համագործակցության մասին և քննարկել դրանց խորացման հեռանկարները։
Միխեիլ Չխենկելին շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը երկար տարիների արդյունավետ համագործակցության համար։ Հանդիպման ընթացքում կողմերը դրական են գնահատել երկու երկրների համագործակցությունը, որը նախատեսում է Վրաստանի ադրբեջանալեզու և Ադրբեջանում վրացալեզու դպրոցների համար մայրենիի և գրականության դասագրքերի տրամադրում։ Դրական է գնահատվել նաև Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի և Ադրբեջանի պետական քննական կենտրոնի միջև առկա համագործակցությունը, որի շրջանակներում մշակվել են առարկայական քննական առաջադրանքներ ոչ վրացալեզու դպրոցների ադրբեջաներեն լեզվի և գրականության ուսուցիչների համար։
Նշենք, որ կողմերի համագործակցության արդյունքում ուսուցիչներին տրվել է կարիերայի առաջխաղացման և աշխատավարձի բարձրացման հնարավորություն։ Հանդիպման քննարկումն անդրադարձավ նաև որակավորման բարձրացման և մասնագիտական զարգացման ուղղությամբ ուսուցիչների առաջխաղացմանը, ուսանողների և աշակերտների փոխանակման տարբեր ծրագրերի առաջարկին, երիտասարդական տարբեր միջոցառումների կազմակերպմանը։ Միխեիլ Չխենկելին ուշադրություն է հրավիրել 2022 թվականի փետրվարին կրթության և գիտության ոլորտում Վրաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հուշագրի վրա, որը նախատեսում է համագործակցություն հանրակրթության, ինչպես նաև մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում։ Փաստաթուղթը նպաստում է երկու երկրների ակադեմիական շրջանակների, բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտական դպրոցների միջև կապերի ամրապնդմանը, ինչպես նաև բակալավրիատում համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություններում վրացերեն և ադրբեջաներեն լեզուների և գրականության ուսուցմանը։ Իր հերթին Էմին Ամրուլաևը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը և անձամբ Միխեիլ Չխենկելիին՝ Վրաստանում ապրող ադրբեջանցիներին պետական լեզվի դասավանդման հարցում աջակցելու համար, ինչը նրանց հնարավորություն է տալիս սովորել վրացական բուհերում և ավելի լավ ինտեգրվել հասարակությանը։