Միխայիլո Ֆեդորով. Կարծում եմ՝ հասել է բեկումնային պահը, որը կորոշի մեր ապագա հետագիծը, բայց, ինչպես թվում է, մենք կամաց-կամաց պարտվում ենք
«Կարծում եմ՝ այժմ հասել է բեկումնային պահը, որը կորոշի մեր ապագա հետագիծը, բայց, ինչպես թվում է, մենք աստիճանաբար, կամաց-կամաց պարտվում ենք», – «Ռոյթերսին» տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Միխայիլո Ֆեդորովը:
Նրա խոսքով՝ Կիևին մի քանի ամիս է մնացել առանցքային որոշումներ կայացնելու համար, որոնք կկարողանան իրադարձությունների ընթացքը փոխել իրենց օգտին:
«Մենք դեռևս ունենք Ռուսաստանին հաղթելու բոլոր հնարավորությունները: Պարտության մատնել ասելով՝ նկատի ունեմ պատերազմում հաղթելը: Դեռևս մնում է հնարավորությունների մի քանի ամսվա պատուհան՝ լոգիստիկ շրջափակումն ավարտելու, միջին շառավղով հարվածների միջոցով Ղրիմի մեկուսացումն իրականացնելու և, ընդհանուր առմամբ, տեխնոլոգիական զարգացման հաջորդ փուլին նախապատրաստվելու համար», – հայտարարել է Միխայիլո Ֆեդորովը:
Ինչպես նշել է Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարը, Ուկրաինան դեռևս ունի հաղթանակի «բոլոր շանսերը», սակայն նրան շտապ անհրաժեշտ է պատերազմի ավարտի պլան:
«Ես գիտեմ, թե ինչպես է աշխատում այս համակարգը, և գիտեմ, որ մենք կարող ենք զգալիորեն ավելին անել: Հաշվի առնելով այն, որ պատերազմի տեխնոլոգիաների հետ կապված քաղաքականության մեծ մասը նախագահին առաջարկել է հենց մեր թիմը, որ մենք զրոյից ստեղծել ենք «Անօդաչուների բանակը» և շատ այլ բաներ, կարող եմ վստահաբար ասել, որ հիմա ինձ առաջ է մղում միայն իմ խիղճը», – նշել է Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարը:
Միխայիլո Ֆեդորովի հայտարարությամբ՝ Ուկրաինան չունի հստակ ընդհանուր տեսլական, թե ինչպես պետք է հաղթի պատերազմում, իսկ երկրի հնարավորությունները սահմանափակում է ինովացիաների պակասը:
Բացի այդ, նրա խոսքով, երկրին խոչընդոտում են նաև արմատացած կոռուպցիան և ազդեցիկ խմբերի հովանավորչության վրա հիմնված ցանցերը, ինչպես նաև պետական ինստիտուտների քաղաքական անկախության պակասը:
Ինչ վերաբերում է քաղաքականություն իր վերադարձին, ինչպես հայտարարել է Ֆեդորովը, այդ մասին որոշում դեռևս չի կայացրել:
«Կարծում եմ՝ ցանկացած քաղաքականություն և իմ հնարավոր մասնակցությունը քաղաքականությանը պետք է քննարկվի միայն այն բանից հետո, երբ կվերականգնվի ժողովրդավարական ցիկլը և բոլոր թեկնածուների համար կլինեն խաղի հավասար կանոններ, լինի դա խորհրդարանական, տեղական խորհուրդների, թե նախագահական ընտրություններին մասնակցությունը: Միայն դրանից հետո ես որոշում կկայացնեմ», – հայտարարել է Ֆեդորովը:
Միխայիլո Ֆեդորովի հայտարարություններին ի պատասխան՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմում նշել են, որ պաշտպանության նախարարությունում գտնվելու ընթացքում Ֆեդորովը պատերազմի ընթացքի մասին դրական էր արտահայտվում, և Միակ բանը, որ փոխվել է, նրա անձնական կարգավիճակն է: