Միխայիլ Պոդոլյակ․ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի ներկայացուցիչներից կհանդիպի միայն Վլադիմիր Պուտինի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի ներկայացուցիչներից կհանդիպի միայն Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը YouTube-ի The Breakfast Show հաղորդման եթերում։
Հարցին՝ հնարավոր է արդյոք Զելենսկու հանդիպումը Ռուսաստանի այլ ներկայացուցիչների հետ, օրինակ՝ Պուտինի օգնականի, Պոդոլյակը պատասխանել է. «Իհարկե՝ ոչ»։
«Ռազմական գործողությունների շարունակման կամ դադարեցման վերաբերյալ որոշում կայացնելը կարող է միայն Պուտինը», – նշել է նա։
Պոդոլյակի խոսքով՝ ցանկացած այլ ձևաչափով հանդիպում անիմաստ է և պարզապես կձգձգի գործընթացը։
Անցած շաբաթվա վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների անցկացման առաջարկությամբ՝ մայիսի 15-ին Ստամբուլում։ Դրան ի պատասխան Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ անձամբ կհանդիպի Վլադիմիր Պուտինին Թուրքիայում՝ մայիսի 15-ին։ Չի բացառվում նաև, որ Ստամբուլ կգա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը ներկայում գտնվում է Պարսից ծոցի երկրներում այցով։