Միխայիլ Պոդոլյակը պնդում է, որ պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայում մարտի դաշտում զոհվել է 13 հազար ուկրաինացի զինվոր
Միխայիլ Պոդոլյակը պնդում է, որ պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայում մարտի դաշտում զոհվել է 13 հազար ուկրաինացի զինվոր

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը նշում է, որ պատերազմի սկզբից Ուկրաինայում մարտի դաշտում զոհվել է 13 հազար ուկրաինացի զինվոր։ Այս մասին Պոդոլյակը հայտարարել է ուկրաինական լրատվամիջոցների հետ զրույցում, որի մեկնաբանությունը հեռարձակել է «BBC»-ն:

«BBC»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերը դեռ չեն հաստատել այս տեղեկությունը։

«Մենք ունենք գլխավոր շտաբի պաշտոնական գնահատականը, գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնական գնահատականը, իսկ զոհվածների թիվը տատանվում է 10.000-12.500-13.000-ի սահմաններում»,- ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը։

Պոդոլյակը նաև նշել է, որ պատերազմի ընթացքում զոհված ռուս զինվորների թիվը հասնում է 100 հազարի, ևս 100-150 հազարը վիրավոր են կամ անհետ կորած։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ Ուկրաինայում Ռուսաստանի նախաձեռնած պատերազմում զոհվել է 100 հազար ուկրաինացի զինվոր։ Ավելի ուշ Եվրամիության մամուլի գրասենյակը հայտարարեց, որ այս թվերը սխալ են, և որ խոսքը վերաբերում է վիրավորների և սպանվածների ընդհանուր թվին։