Միխայիլ Պոդոլյակ. խաղաղության պայմանագիրը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը պարտություն կրի
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն ասում է, որ Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունները հնարավոր կլինեն միայն այն դեպքում, եթե այն պարտվի:
Այս մասին, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, Պոդոլյակն ասել է մոլդովական հրատարակությանը տված հարցազրույցում։
«Այսօրվա պայմաններում խաղաղության պայմանագիրը անհեռանկարային է ու անհնարին։ Պատերազմի դադարեցումն այսօր նշանակում է մեր ժողովրդի լիակատար հրաժարում Ուկրաինա վերադառնալուց։ Ոչ ոք չի վերադառնա, օրինակ, Խարկով, Զապորոժիե, Դնեպր, Կրիվոյ Ռոգ՝ բաժանարար գծի մոտ գտնվող քաղաքներ, քանի որ Ուկրաինայի քաղաքացին հասկանում է, որ պատերազմը ցանկացած պահի կարող է սկսվել նույն ինտենսիվությամբ։ Ռուսաստանին այս պարագայում ոչ ոք չի կարող զսպել։ Խաղաղության պայմանագիրը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վերականգնվի, իսկ Ռուսաստանը անխուսափելիորեն ձախողվի»,- ասել է Պոդոլյակը։
Այդուհանդերձ, նախագահի վարչակազմի խորհրդականն ասել է, որ Ուկրաինան միայն ավելի ամուր դիրքեր կզբաղեցնի բանակցություններում։
«Բանակցային գործընթացը դիրքերի բախում է։ Եթե գիտակցաբար թույլ դիրքում եք, ուրեմն նույն դիրքով կմտնեք բանակցային գործընթացի մեջ ու կստանաք միայն վերջնագիր։ Կարելի է ամրապնդել մեր դիրքերը, եթե Արևելյան ճակատում վերցնենք համապատասխան քանակի զինատեսակներ, մարտավարական պարտություն տանք Ռուսաստանին, և այդ ժամանակ բանակցային գործընթացն այլ կլինի՝ վերջնագիր չի լինի, կլինի հակամարտող, բայց Ուկրաինայի հետ գերիշխող դիրքում»,- ասել է Միխայիլ Պոդոլյակը։