Մինչև շաբաթվա վերջ համակարգող խորհուրդը որոշում կկայացնի Թբիլիսիի և Ռուսթավիի բացման վերաբերյալ
Վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստն անցկացվել է տեսակապի միջոցով:
Վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ խորհրդի անդամները քննարկել են այսօրվանից մեկնարկած սահմանափակումների վերացման գործընթացը, այդ թվում՝ Բաթումիի և Քութաիսիի մուտքերի և ելքերի սահմանափակումների վերացումը:
Սրա հետ մեկտեղ, նիստին նշվել է, որ ակտիվորեն վերահսկվում է Առողջապահության նախարարության կողմից տրված հանձնարարականների կատարման գործընթացն այն օբյեկտների նկատմամբ, որոնց թույլատրվել է վերսկսել աշխատանքը:
Միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստին քննարկել են նաև միջոցառումների հետագա մեղմացման հարցերը: Դրանց թվում անդրադարձ է կատարվել Թբիլիսիի և Ռուսթավիի բացմանը, որի մասին որոշում կկայացվի մինչև շաբաթվա վերջ:
Վարչապետը նշել է, որ տնտեսության վերականգնման խնդիրը գնալով ավելի հրատապ է դառնում և դրա լուծումը չպետք է ձգձգվի:
Համակարգող խորհուրդը քննարկել է նաև երկրում տիրող իրավիճակը սննդի և բժշկական պարագաների առումով, որը համակարգում է բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին: Նախարարը պարզաբանել է, որ երկրում մատակարարման առումով խնդիր չկա:
Սրա հետ մեկտեղ, վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ միջգերատեսչական խորհրդի նիստին նշվել է, որ շարունակվում է Վրաստանի քաղաքացիներին արտերկրից հայրենիք վերադարձի գործընթացը: