Միջուկային նյութերի և ուրանի անօրինական վաճառքի և գնման փաստով Բաթումիում ձերբակալվել է Վրաստանի մեկ և  օտարերկրյա մեկ քաղաքացի
Միջուկային նյութերի և ուրանի անօրինական վաճառքի և գնման փաստով Բաթումիում ձերբակալվել է Վրաստանի մեկ և օտարերկրյա մեկ քաղաքացի

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը բացահայտել է միջազգային հանցագործություն և կանխել դրա հնարավոր զարգացումը տարբեր ուղղություններով, այս մասին հայտարարվել է պետական անվտանգության ծառայությունում կայացած ճեպազրույցի ժամանակ։

«Հակահետախուզության դեպարտամենտի և ծառայության հատուկ գործողությունների դեպարտամենտի աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում Բաթումի քաղաքում ձերբակալվել է Վրաստանի մեկ և օտարերկրյա մեկ քաղաքացի՝ միջուկային նյութերի, մասնավորապես՝ ռադիոակտիվ քիմիական տարր ուրանի անօրինական վաճառքի և գնման համար։

Ձերբակալվածների միջև կնքված գործարքի համաձայն՝ ուրանի անօրինական վաճառքը նախատեսված էր երեք միլիոն ԱՄՆ դոլարով։

Հաշվի առնելով ռադիոակտիվ ալֆա և գամմա ճառագայթման դոզան և աղբյուրի բնույթը, նշված միջուկային նյութը, որպես բաղադրիչ, օգտակար է տարբեր պայթուցիկ սարքերի արտադրության, ահաբեկչական հարձակում իրականացնելու կամ այլ լուրջ, զանգվածային և մահացու հետևանքներ առաջացնելու համար», – հայտնել են ՊԱԾ-ում։

Նրանց խոսքով՝ վերոնշյալ քրեական արարքի վերաբերյալ հետաքննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է հինգից տասը տարի ժամկետով ազատազրկում։