Միգրացիոն ծառայության աշխատակիցները Վրաստանից արտաքսել են 28 օտարերկրյա քաղաքացիների
Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի և նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին իրականացված համալիր միջոցառումների շրջանակներում, Վրաստանից արտաքսվել է 28 օտարերկրյա քաղաքացի։
Տեղեկատվությունը հրապարակել է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ երկրից արտաքսվել են Ադրբեջանի, Բելառուսի, Եգիպտոսի, Իրաքի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Հորդանանի, Իրանի, Իսրայելի, Պակիստանի, Ռուսաստանի և Չինաստանի՝ ընդհանուր առմամբ 28 քաղաքացի։
«Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։ Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտը պատասխանատու է երկրի ներսում անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար։ Դրա լիազորություններից մեկն է Վրաստանում առանց օրինական հիմքի գտնվող օտարերկրյա քաղաքացիների նույնականացումը և նրանց Վրաստանից արտաքսման իրականացումը», – ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։