Միգրացիոն դեպարտամենտը Վրաստանից արտաքսել է 39 օտարերկրյա քաղաքացու
Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերի ընթացքում երկրից արտաքսել են օտարերկրյա 39 քաղաքացի։ Այս մասին հայտնում է ՆԳՆ։
Նրանց տեղեկացմամբ, 2025 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ Վրաստանից արտաքսվել է 1243 անձ։
«Միգրացիայի վարչության կողմից իրականացված համալիր միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսվել են Հնդկաստանի, Թուրքիայի, Բանգլադեշի, Չինաստանի, Իրանի, Ռուսաստանի, Քենիայի, Թուրքմենստանի, Պակիստանի, Եգիպտոսի, Նիգերիայի, Սուդանի, Սիեռա Լեոնեի, Հորդանանի և Ուզբեկստանի քաղաքացիներ՝ ընդհանուր առմամբ 39 անձ։
Գործող օրենսդրության համաձայն, արտաքսված անձանց նկատմամբ սահմանվել է Վրաստան մուտքի արգելք։
Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչությունը պատասխանատու մարմին է երկրում ապօրինի միգրացիայի դեմ պայքարի համար։ Նրա գործառույթներից է՝ միգրացիոն վերահսկողության և այլ հատուկ միջոցառումների միջոցով բացահայտել Վրաստանում առանց իրավական հիմքի գտնվող օտարերկրյա քաղաքացիներին և կազմակերպել նրանց արտաքսումը», – նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։