Միգրացիայի միջազգային կազմակերպություն. Լիբիայի մոտակայքում սուդանցի փախստականներ տեղափոխող նավակի հրդեհի հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել
Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (IOM) հայտնում է, որ Լիբիայի մերձակայքում հրդեհ է բռնկվել նավի վրա, որը տեղափոխում էր Սուդանից փախստականներ։ Նրանց տեղեկատվությամբ՝ միջադեպի հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ։
IOM-ի տվյալներով՝ նավում գտնվել է առնվազն 75 մարդ։ Փրկարարներին հաջողվել է փրկել նրանցից 25-ին։ Վերջիններիս արդեն առաջին բուժօգնություն է տրամադրվել։
Ինչպես նշում է «Reuters»-ը, Լիբիան Մուամար Կադաֆիի ռեժիմի տապալումից հետո դարձել է աֆրիկացի միգրանտների հիմնական ուղղություններից մեկը՝ Միջերկրական ծովով Եվրոպա հասնելու համար։
Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ 2025 թվականի փետրվարի դրությամբ Լիբիայում գտնվում է շուրջ 867 000 միգրանտ՝ 44 տարբեր ազգություններից, որոնք ցանկանում են տեղափոխվել Եվրոպա։