Միգրացիան կանխելու նպատակով սերբական ոստիկանությունն ուժեղացրել է պարեկային հսկողությունը Հունգարիայի հետ սահմանին
Միգրացիան կանխելու նպատակով սերբական ոստիկանությունն ուժեղացրել է պարեկային հսկողությունը Հունգարիայի հետ սահմանին,- «Reuters»-ին հայտնել է Սերբիայի ոստիկանության փոխտնօրեն Դրագան Վասիլիևիչը։
Նրա խոսքով՝ ամեն օր հարյուրավոր միգրանտներ փորձում են մտնել Եվրամիության տարածք, ինչի պատճառով Սերբիան Հունգարիայի հետ սահման է ուղարկել հատուկ ջոկատայիններ։
Դրագան Վասիլիևիչի խոսքով՝ ոստիկանությունն այսօր սահմանին ձերբակալել է 371 միգրանտի։
«Բերման են ենթարկել նաեւ մի քանի հոգու, ովքեր հայտնաբերվել են ծառերի վրա։ Ամենայն հավանականությամբ, կասկածյալները լրտեսներ էին, որոնք հետեւում էին այլ միգրանտների»,- «Reuters»-ին ասել է Սերբիայի ոստիկանության փոխտնօրենը։
Սակայն, ինչպես գրում է «Reuters»-ը, սերբական հասարակական կազմակերպության «Ապաստան հայցողների կենտրոնի» տվյալներով՝ օրական մոտ 1500 միգրանտ փորձում է անցնել Հունգարիա, շատերը գումար են հանձնում մաքսանենգներին։