Միավորված ազգերի կազմակերպության տվյալներով՝ 2023 թվականին միգրացիոն երթուղիներում մահացել է 8565 մարդ, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ է 2014 թվականի հաշվարկի սկզբից ի վեր
2023 թվականին ամբողջ աշխարհում միգրացիոն ճանապարհներին մահացել է 8565 մարդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է 2014 թվականից սկսած: Համապատասխան տեղեկությունը տարածում է ՄԱԿ-ի միգրացիոն միջազգային գործակալության «Անհայտ կորած միգրանտներ» նախագիծը։
Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ 2023 թվականին մահացած միգրանտների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 20 տոկոսով։ Մահացած միգրանտների ընդհանուր թվից կեսը խեղդվել է, ինը տոկոսը մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով, 7 տոկոսը բռնության զոհ է դարձել։
Զեկույցի համաձայն՝ Միջերկրական ծովը շարունակում է մնալ ամենավտանգավոր միգրացիոն ուղին, որտեղ անցյալ տարի մահացել է առնվազն 3129 մարդ, իսկ 2024 թվականի առաջին երկու ամիսներին՝ 254 մարդ: Կազմակերպության տվյալներով՝ ընդհանուր առմամբ 2014-2024 թվականներին մահացել է ավելի քան 63700 միգրանտ, որոնց կեսը՝ Միջերկրական ծովում։
Միգրացիայի միջազգային կազմակերպությունը նշում է, որ իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, քանի որ վիճակագրության մեջ գրանցվում են միայն մահվան հաստատված դեպքեր։