Մևլութ Չավուշօղլու. Թուրքիայի թիրախը երբեք քաղաքացիական անձինք չեն, այլ միայն «Քրդստանի աշխատավորական կուսակցության» ահաբեկչական կազմակերպությունը
Թուրքիայի թիրախը երբեք քաղաքացիական անձինք չեն, այլ միայն «Քրդստանի աշխատավորական կուսակցության» ահաբեկչական կազմակերպությունը, ըստ «Անադոլու» գործակալության, այս մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։
Չավուշօղլուն արձագանքել է իրաքյան իշխանությունների այն հայտարարությանը, ըստ որի՝ Իրաքի Քուրդիստանի շրջանում թուրքական հարձակման հետևանքով ութ խաղաղ բնակիչ է զոհվել։
«Թուրքիայի զինված ուժերից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մենք ոչ մի հարձակում չենք իրականացրել խաղաղ բնակչության վրա»,- ասել է Մևլութ Չավուշօղլուն։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով Իրաքի կառավարությանը ռմբակոծության վերաբերյալ հայտարարություններ չանել «ահաբեկչական կազմակերպության հռետորաբանության և քարոզչության ազդեցության տակ»։
«Մենք Իրաքի կառավարության ներկայացուցիչներին հրավիրում ենք համագործակցության՝ բացահայտելու այս ողբերգական միջադեպի իրական մեղավորներին»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։
Հուլիսի 20-ին «Ռոյթերս» գործակալությունը, հենվելով իրաքյան պետական լրատվամիջոցների վրա, հայտնել է, որ Իրաքի Քրդստանի Դահուկ նահանգի վրա Թուրքիայի հարձակման հետևանքով ութ մարդ է զոհվել, 23-ը՝ վիրավորվել։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հրետանային կրակ է բացվել Իրաքի և Թուրքիայի Քուրդիստանի սահմանին գտնվող Զախո առողջարանային քաղաքի վրա։ Իրաքի պետական լրատվամիջոցների տվյալներով՝ բոլոր զոհվածները զբոսաշրջիկներ են։