Մևլութ Չավուշօղլու. Թուրքիան աջակցում է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը, մենք աջակցում ենք Վրաստանի ու Ուկրաինայի նկրտումներին
Մևլութ Չավուշօղլու. Թուրքիան աջակցում է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը, մենք աջակցում ենք Վրաստանի ու Ուկրաինայի նկրտումներին

Ըստ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Թուրքիան կողմ է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը։

Մևլութ Չավուշօղլուին ռուսական լրատվամիջոցները հարցրել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության վերաբերյալ։

«Ես չեմ մեկնաբանի մեկ այլ գործընկերոջ հայտարարությունը, բայց կարող եմ ձեզ ասել Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում։ Թուրքիան կողմ է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը և ԵՄ բաց դռների քաղաքականությանը։ Թուրքիան աջակցում է ընդլայնմանը»,- ասել է Մևլութ Չավուշօղլուն։

Ինչ վերաբերում է հարցին, թե Վրաստանի ՆԱՏՕ-ի անդամ լինելու ժամանակը չէ, Չավուշօղլուն պարզաբանել է, որ լրագրողները պետք է այդ հարցն ուղղեն դաշինքի արեւմտյան դաշնակիցներին։

«Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում շատ պարզ է: ՆԱՏՕ-ի ավանդական նախարարական հանդիպումը երկու հավակնորդների՝ Վրաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հետ հանդիպում էր։ Ես ևս մեկ անգամ շատ հստակ ընդգծեցի Թուրքիայի դիրքորոշումը, որ մենք աջակցում ենք այս երկու երկրների ձգտումներին», – ասել է Մևլութ Չավուշօղլուն։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ 2008 թվականին ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովի որոշումը, որը թույլ է տալիս Վրաստանին և Ուկրաինային դառնալ ՆԱՏՕ-ի անդամներ, եվրոպական անվտանգության ականադաշտ է։

Նրա խոսքով, կրակի հետ են խաղում նրանք, ովքեր անընդհատ կրկնում են Բուխարեստի թեզը և պնդում, որ երրորդ կողմն իրավունք չունի իր դիրքորոշումն արտահայտել ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ։