Մևլութ Չավուշօղլու. Մենք պետք է շարունակենք աջակցել Սևծովյան տարածաշրջանի երկու երկրներին՝ Վրաստանին և Ուկրաինային
Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Լեհաստան կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ իրենք չեն ճանաչում Ղրիմի անօրինական բռնագրավումը և շարունակելու են աջակցել Ուկրաինային և Վրաստանին:
«Մենք շատ բաց և անկեղծ ենք Ռուսաստանի Դաշնության հետ: Նախագահ Էրդողանը շատ անկեղծ էր նաև Սոչիում իր գործընկեր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Մենք հստակ սահմանել ենք մեր քաղաքականությունը: Օրինակ՝ Ուկրաինային ու Վրաստանին մեր աջակցությունը: Մենք չենք ճանաչում Ղրիմի անօրինական բռնագրավումը: Իհարկե, մենք պետք է շարունակենք օգնել Սեւծովյան տարածաշրջանի երկու երկրներին՝ Վրաստանին եւ Ուկրաինային», – ասել է Չավուշօղլուն:
Նրա խոսքով, իրենք պետք է աջակցեն այս երկրների տարածքային ամբողջականությանը, ամրապնդեն նրանց կարողությունները եւ ավելի լավ հարաբերություններ հաստատեն ՆԱՏՕ-ի հետ:
«Սև ծովը եվրատլանտյան անվտանգության առանցքային տարածքներից է, ուստի պետք է մշտական ուշադրություն դարձնել Սև ծովում ռազմական հարցին, և դա այն է, ինչ արվում է ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից Սև ծովի տարածաշրջանում», ասել է դիվանագետը: