Մետրոպոլիտ Նիկոլոզ. Ընդլայնված եկեղեցական ժողովին յուրաքանչյուր թեմից կլինի երկու քահանա, ինչպես նաև վանքերից երկուական ներկայացուցիչ. պատվիրակները որոշումներ չեն կայացնելու և կարծիք չեն հայտնելու

18:38, 07.05.2026

Ախալքալաքի և Կումուրդոյի թեմի միտրոպոլիտ Նիկոլոզ Պաչուաշվիլին խոսել է մայիսի 11-ին կայանալիք Վրաց ուղղափառ եկեղեցու ընդլայնված ժողովի մասին, որի ժամանակ ընտրվելու է նոր պատրիարք։

Ինչպես նշել է սրբազանը, ժողովին մասնակցելու է մոտ 1500 պատվիրակ, սակայն նրանք որոշումներ կայացնելու կամ սեփական կարծիքն արտահայտելու հնարավորություն չեն ունենա։

«Պատվիրակների հարցը հիմնականում որոշված է։ Ասվել է, որ յուրաքանչյուր թեմ պետք է նախապես ներկայացնի ցուցակը, ինչը ես արել եմ։ Ըստ այդ ցուցակի՝ պատվիրակները մուտք կգործեն ժողովին. բոլորը կունենան իրենց անձնական քարտերը։ Յուրաքանչյուր թեմից պետք է լինի երկու քահանա, բացի այդ՝ երկուական ներկայացուցիչ յուրաքանչյուր վանքից։ Պատվիրակներից ոչ ոք որոշում կայացնող չի լինի։ Կարծում եմ՝ այս պատվիրակները հավաքված են ժողովի հրապարակայնությունն ապահովելու համար։ Ավելի լավ կլիներ, եթե ամեն ինչ ուղիղ եթերով հեռարձակվեր, այդ դեպքում պատվիրակների կարիքը չէր լինի»,- հայտարարել է միտրոպոլիտ Նիկոլոզը։

Սրբազանի պարզաբանմամբ՝ պատվիրակները կարծիք չեն հայտնելու այն պատճառով, որ նրանց թիվը շատ մեծ է։ «Մենք հաշվարկեցինք, որ առնվազն 1500 պատվիրակ կա։ Եթե բոլորը կարծիք հայտնեն, դա ֆիզիկապես անհնար կլինի։ Հավանաբար նրանց գործառույթը միայն ժողովին ներկա գտնվելն է լինելու»։

Տեղեկության համար հիշեցնենք, որ Վրաց ուղղափառ եկեղեցու ընդլայնված ժողովը, որտեղ կընտրվի նոր պատրիարք, տեղի կունենա մայիսի 11-ին՝ Սուրբ Երրորդություն (Սամեբա) տաճարում։

Նմանատիպ