«Մեծ յոթնյակի» առաջնորդները համաձայնվել են դիզելային վառելիքի պաշարների բացթողման շուրջ

19:13, 02.10.2026
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «Մեծ յոթնյակի» առաջնորդները համաձայնվել են «կոորդինացված» աշխատել դիզելային վառելիքի գների նվազեցման ուղղությամբ։
«Որոշել ենք արտադրությունն ավելի ճկուն դարձնել, որպեսզի մեր նավթավերամշակման գործարաններն աշխատեն առավելագույն հզորությամբ. գործընկերների հետ միասին, Էներգետիկայի միջազգային գործակալության համակարգմամբ, չորս ամսվա ընթացքում բաց թողնենք մեր ռազմավարական պաշարները մինչև 100 միլիոն բարել, ինչպես նաև չձեռնարկենք այնպիսի միջոցներ, որոնք կսահմանափակեն էներգիայի և նավթամթերքի փոխանակումը գործընկեր երկրների միջև», – սոցիալական ցանցում գրել է Մակրոնը։
Այս մասին գրել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Եվրոպան քիչ առաջ համաձայնեց դիզելային վառելիքի մեծ պաշարներ բաց թողնել, գործընթացը կսկսվի անհապաղ, շնորհակալություն այս հարցին ուշադրություն դարձնելու համար», – սոցիալական ցանցում գրել է Դոնալդ Թրամփը։
Ի գիտություն, ավելի վաղ «Ռոյթերս»-ը տեղեկություն էր տարածել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Գերմանիային և Ֆրանսիային կոչ էր արել արտակարգ իրավիճակների համար նախատեսված դիզելի պաշարներից վառելիք բաց թողնել՝ նպաստելու համար վառելիքի համաշխարհային գների նվազեցմանը։ Հակառակ դեպքում ԱՄՆ-ն սպառնացել էր դիզելի արտահանման հնարավոր արգելք սահմանել։

Նմանատիպ