«Մեծ յոթնյակը» 4,5 միլիարդ դոլար կհատկացնի պարենային ճգնաժամի դեմ պայքարելու համար
«Մեծ յոթնյակը» 4,5 միլիարդ դոլար կհատկացնի պարենային ճգնաժամի դեմ պայքարելու համար։
Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։
Բավարիայում G7-ի գագաթնաժողովի վերջին օրը մասնակից երկրների ղեկավարները պայմանավորվել են լրացուցիչ 4,5 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինայում ռուսական ագրեսիայի հետևանքով առաջացած սննդամթերքի համաշխարհային դեֆիցիտի դեմ պայքարելու համար։
Նրանք նաև կոչ են արել պարենամթերքի մեծ պաշարներ ունեցող երկրներին օգնել լուծել ճգնաժամը և զերծ մնալ հետագա սննդամթերք գնելուց, որպեսզի չհրահրեն համաշխարհային գների էլ ավելի արագ աճ:
«Մենք կոչ ենք անում գործընկերներին, որոնք ունեն սննդամթերքի մեծ պաշարներ, ինչպես նաև մասնավոր ընկերություններին, ապահովել սննդամթերքի հասանելիությունը՝ առանց շուկան մանիպուլյացիայի ենթարկելու», – ասված է գագաթնաժողովի եզրափակիչ կոմյունիկեի մեջ։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ռուսական զորքերի կողմից ուկրաինական նավահանգիստների շրջափակումը հանգեցրել է հացահատիկի և արևածաղկի ձեթի լիակատար դեֆիցիտի, և աֆրիկյան մի շարք երկրներ կանգնած են սովի իրական վտանգի առաջ։
G7-ի երկրները կոչ են արել Ռուսաստանի ղեկավարությանը անհապաղ վերացնել սեւծովյան նավահանգիստների շրջափակումը, որտեղից արտահանվում է ուկրաինական մթերք։
G7-ի առաջնորդները Կրեմլին մեղադրել են նաև Ուկրաինայի գյուղատնտեսության ոլորտը թալանելու մեջ։