Մեծ Բրիտանիայում գողացվել է Հարի Փոթերի մասին առաջին հրատարակության նմուշը
Մեծ Բրիտանիայում գողացվել է Հարի Փոթերի մասին առաջին հրատարակության նմուշը

Բրիտանական Թեթֆորդ քաղաքի գրապահոցից անհայտ չարագործների կողմից գողացվել են 12 հազվագյուտ հրատարակություններ։ Անհետացած ամենաթանկ գիրքը Ջոան Ռոուլինգի «Հարի Փոթերն ու փիլիսոփայական քարը» վեպի առաջին հրատարակությունն է։

Գիրքը թողարկվել է 1997 թվականին Bloomsbury հրատարակչատան կողմից՝ 500 օրինակով։ Անհետացած օրինակը հատուկ արժեք է ունեցել, քանի որ հավելյալ փաթեթավորված է եղել հատուկ ստվարաթղթե կարմիր պատյանով, որի վրա եղել է նկար և գրքի վերնագիրը։ Հազվագյուտ նմուշի արժեքը գնահատվում է 40 հազար ֆունտ։

Բացի այդ, կորել են այլ գրքերի առաջին հրատարակությունները։ Խոսքը Ֆրենսիս Ֆիցջերալդի «Մեծ Գեթսբիի», Ալան Միլնի «Վինի Պուխի» 4 առաջին թողարկումների հավաքածուի, Ջոն Տոլկինի «Հոբբիթի» մասին է։

Սքոթլանդ-Յարդը փնտրում է գողերին։ Նախնական տվյալներով՝ գողությունը կատարվել է լույս հունվարի 9–ի գիշերը։ Գրքերը տարել են երկու տղամարդիկ, ովքեր պահոցում գտնվել են կես ժամից ոչ ավելի։