Մեծ Բրիտանիայում անկարգությունների ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 400-ի, երկրի վարչապետը հերթական արտակարգ խորհրդակցությունն է անցկացրել
Մեծ Բրիտանիայում անկարգությունների ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 400-ի։ Ինչպես գրում է BBC-ն, նրանցից 100-ին արդեն պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել։
Օգոստոսի 6-ի երեկոյան անկարգություններ են տեղի ունեցել Բելֆաստում, Բրիստոլում, Դարլինգթոնում և Պլիմուտում։
BBC-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 6-ի առավոտյան Բրիստոլում անկարգությունները կոտրել են անօդաչու թռչող սարքեր արտադրող հրեական «Elbit Systems» ընկերության գործարանի դուռը։ Ըստ տեղեկությունների՝ մոտ 10 մարդ դուրս է եկել մեքենայից և սկսել ոչնչացնել գործիքներն ու անօդաչու սարքերը։ Այնուհետեւ շենքը ներկվել է կարմիր ներկով։ Ընկերության աշխատակիցները փորձել են կանգնեցնել չարագործներին, սակայն նրանք վիրավորվել են։ Նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց։
Ոստիկանությունը ձերբակալել է 6 հարձակվողի, չորսը փախել են։ Մեծ Բրիտանիայի դատախազությունը չի բացառում, որ ձերբակալվածներից ոմանց մեղադրանք կառաջադրվի ահաբեկչության մեջ։
Մեծ Բրիտանիայի քաղաքներում անկարգությունների պատճառով երկրի վարչապետն այսօր հերթական արտակարգ խորհրդակցությունն է անցկացրել։ Քեյր Սթարմերի խոսքով՝ անկարգությունները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։
Տեղեկության համար՝ անկարգությունները կապված են Մեծ Բրիտանիայի քաղաքների Սաութպորտում տեղի ունեցած միջադեպի հետ, որի ժամանակ անչափահասը սառը զենքով հարձակվել է մանկական պարարվեստի դպրոցի կազմակերպած միջոցառման մասնակիցների վրա։ Երեք անչափահաս աղջիկ է սպանվել. Եվս ութ երեխա վիրավորվել է։ Չարագործը Քարդիֆում ծնված, Ռուանդայի ծագումով 17-ամյա երիտասարդ է: Միջադեպից հետո Մեծ Բրիտանիայի շատ քաղաքներում հակամիգրանտների բողոքի ցույցեր են սկսվել։