Մեծ Բրիտանիայի վարչապետը ժամանել է Ուկրաինա
Մեծ Բրիտանիայի վարչապետը ժամանել է Ուկրաինա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև։ Այս մասին Ռիշի Սունակը գրել է սոցիալական ցանցում:

Սունակի խոսքով՝ իր այցը ուղերձ է, որ Ուկրաինային աջակցությունը չի կարող թուլանալ և չի թուլանա։ «Ես դիմում եմ բոլոր ուկրաինացիներին, Բրիտանիան ձեզ հետ է այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- գրել է Ռիշի Սունակը։

Առկա տեղեկությունների համաձայն՝ Կիևում Սունակը կհայտարարի Ուկրաինային 2,5 միլիարդ ֆունտ ստերլինգ ռազմական օգնություն հատկացնելու մասին։ Ռազմական օգնության փաթեթը ներառում է հեռահար հրթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և հրետանային արկեր և 200 մլն ֆունտ արժողությամբ անօդաչու թռչող սարքեր: Նախատեսվում է նաև երկկողմ համաձայնագիր ստորագրել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ։