Մեծ Բրիտանիայի պետքարտուղարը հայտարարել է, որ երկրում ընդունված նոր օրենքը թույլ է տալիս արգելել երթերը, եթե դրանք կրկնվում են նույն վայրում և նույն մարդկանց դեմ։
Մեծ Բրիտանիայի տեղական ինքնակառավարման հարցերով պետական քարտուղար Սթիվ Ռիդը նշում է, որ խորհրդարանի կողմից ընդունված «Հանցագործության և հասարակական կարգի մասին» օրինագիծը Ներքին գործերի նախարարին լիազորություն է տալիս արգելել որոշակի խմբի վախեցնելու նպատակով կազմակերպվող երթերը։
Նա ասում է, որ օրենքը թույլ է տալիս արգելել երթերը, եթե դրանք կրկնվում են շաբաթ առ շաբաթ նույն վայրում՝ նույն մարդկանց դեմ։
«Խորհրդարանի կողմից ընդունված օրինագիծը Ներքին գործերի նախարարին նոր լիազորություններ է տալիս։ Մասնավորապես՝ հաշվի առնել որոշակի համայնքի վախեցնելու համար կազմակերպվող կրկնվող երթերի կուտակային ազդեցությունը», – ասում է Սթիվ Ռիդը։
Հարցին, թե արդյոք պաղեստինամետ ցույցերը կարող են արգելվել, եթե դրանք ամեն շաբաթ նույն վայրում անցկացվեն, Ռիդը դրական պատասխան է տվել։
«2026 թվականին հրեաները վախենում են կրել կիպա կամ Դավթի աստղ։ Սա բացարձակապես անընդունելի է։ Հրեաները պետք է ունենան նույն ազատությունը, ինչ քրիստոնյաները կամ մուսուլմանները», – ասել է Ռիդը։