Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի և Ռուսաստանի դեմ։ Ինչպես գրում է BBC -ն, Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմի շրջանակներում բրիտանացի այսպես կոչված սև ցուցակում տաս նոր գրառում է հայտնվել , ներառյալ պատժամիջոցները Ռուսաստանի օդատիեզերական ուժերի դեմ: Ցուցակում են ընդգրկվել նաև Ռուսաստանի անօդաչու ավիացիայի 924-րդ պետական կենտրոնը և Ռազմական տրանսպորտի ավիացիայի հրամանատարությունը։
Ռուսական անօդաչու ավիացիայի 924-րդ պետական կենտրոնը պատասխանատու է ռուս զինվորականներին անօդաչու թռչող սարքերի մատակարարման համար, այդ թվում՝ Ուկրաինայի վրա հարձակումներ իրականացնելու համար:
Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը նաև հատուկ պատժամիջոցներ է հայտարարել մի քանի իրանցիների նկատմամբ, որոնք, ըստ նրա, ներգրավված են Ռուսաստանին հրթիռներ մատակարարելու մեջ, այդ թվում՝ իրանցի գեներալ Սեյեդ Համզե Ղալանդարին, որը ղեկավարում է Իրանի պաշտպանական արտահանումը գործընկեր երկրներ:
Ի գիտություն, ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը հաստատել էր, որ Իրանը բալիստիկ հրթիռներ է հանձնել Ռուսաստանին։ Վաշինգտոնում ասում են, որ ի պատասխան Իրանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն, ինչի մասին Սպիտակ տունը կհայտարարի այսօր։ Իրանի կողմից բալիստիկ հրթիռների փոխանցումը Ռուսաստանին դատապարտել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան։