Մեծ Բրիտանիան և Չինաստանը ստորագրել են տարբեր ոլորտներում համագործակցության տասը համաձայնագիր
Մեծ Բրիտանիան և Չինաստանը ստորագրել են տարբեր ոլորտներում համագործակցության տասը համաձայնագիր

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպման արդյունքում երկու երկրները ստորագրել են համագործակցության տասը պայմանագիր տարբեր ոլորտներում։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Լրատվամիջոցի տվյալներով՝ պայմանագրերը վերաբերում են կազմակերպված հանցավորության և անօրինական միգրացիայի դեմ պայքարին, ինչպես նաև համագործակցությանը առողջապահության, մասնագիտական կրթության, տնային խնամքի և սպորտի ոլորտներում։ Համագործակցությունը ներառում է նաև Չինաստան բրիտանական արտահանման ընդլայնում և Մեծ Բրիտանիայի ու Չինաստանի համատեղ տնտեսական-առևտրային հանձնաժողովի համագործակցության խորացում։

Քիր Սթարմերի խոսքով՝ Չինաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը մտնում է Մեծ Բրիտանիայի ազգային շահերի շրջանակում։

«Մենք ունեցանք շատ լավ, արդյունավետ սեսիա իրական, կոնկրետ արդյունքներով, և սա հարաբերությունների իրական ամրապնդում էր։ Դա մեր ազգային շահերից է, և, իհարկե, Չինաստանում հսկայական հնարավորություններ կան։ Այն աշխարհի երկրորդ ամենամեծ տնտեսություն ունեցող երկիրն է, և հենց այդ պատճառով ենք այստեղ ներկայացված այսքան մեծ բիզնես պատվիրակությամբ։ Բազմաթիվ քննարկումներ եղան այն մասին, թե ինչպես կարող ենք հասանելիություն ստանալ այդ հնարավորություններին։ Շատ լավ առաջընթաց ունենք վիսկիի սակագների հարցում, Չինաստանի հետ առանց վիզայի մուտքի, տեղեկատվության փոխանակման և անօրինական միգրացիայի դեմ պայքարի ուղղությամբ», – նշել է Սթարմերը։