Մեծ Բրիտանիան դադարեցրել է Իսրայելի հետ ազատ առևտրի շուրջ բանակցությունները
Մեծ Բրիտանիան դադարեցրել է Իսրայելի հետ ազատ առևտրի շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը՝ ելույթ ունենալով Համայնքների պալատում։
Քիր Սթարմերը նաև հայտարարել է պատժամիջոցների մասին նրանց նկատմամբ, ովքեր մասնակցում են բռնություններին պաղեստինցիների դեմ Հորդանանի արևմտյան ափին։
Նա ասել է, որ, ինչպես Ֆրանսիայի և Կանադայի առաջնորդները, շոկի մեջ է Գազայի հատվածում ռազմական էսկալացիայից։ Բրիտանիայի վարչապետը կրկին կոչ է արել հրադադարի։
«Մենք կրկնում ենք մեր կոչը հրադադարի՝ որպես միակ ճանապարհ պատանդներին ազատելու համար։ Մենք կրկնում ենք, որ չենք աջակցում Իսրայելի վերաբնակեցման քաղաքականությանը Արևմտյան ափում և կրկին պահանջում ենք մեծացնել հումանիտար օգնության ծավալը Գազայում», – հայտարարել է Սթարմերը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է համակարգված արձագանք, քանի որ այս պատերազմը շարունակվում է արդեն երկար ժամանակ։
Հիշեցնենք, որ Իսրայելը նախորդ շաբաթ սկսել է նոր ռազմական գործողություն Գազայի հատվածում։ Իսրայելի վարչապետի խոսքով՝ Իսրայելը պատրաստվում է լիովին վերահսկել Գազայի հատվածը։